Թուրք ձեռներեցի սկանդալային գործով առաջին անգամ հիշատակվել է Էրդողանի անունը

Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ

Ամերիկյան պատժամիջոցներից խուսափելու համար թուրք պաշտոնյաների կողմից Իրանին գաղտնի աջակցություն տրամադրելու սկանդալային գործով Նյու Յորքում ընթացող դատավարության ընթացքում առաջին անգամ շոշափվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը:

«Ռոյթերզ» գործակալության հաղորդմամբ՝ այս գործով մեղադրյալներից իրանական ծագումով թուրք գործարար Ռեզա Զարաբը դատարանում վկայություն է տվել, պնդելով, որ Էրդողանն անձամբ է լիազորել՝ գործարքի մեջ մտնել Իրանի հետ, ինչը կօգնի շրջանցել ամերիկյան պատժամիջոցները: Զարաբի խոսքով, գործին տեղյակ է եղել նաև այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանը:

Իր մեղքն ընդունած և ամերիկյան իրավապահների հետ համագործակցող՝ այժմ որպես վկա հանդես եկող Զարաբը նշել է, որ այս գործում 2012 թվականին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Թայիփ Էրդողանի ներգրավվածության մասին իմացել է Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Մեհմեդ Զաֆեր Չաղլայանից: Զարաբը նաև ասել է, թե մոտ 60 միլիոն դոլար կաշառք է տվել Չաղլայանին:

Սեպտեմբերի սկզբին Մանհեթենի շրջանային դատարանը մեղադրանք էր առաջադրել նախկին նախարար Մեհմեդ Զաֆեր Չաղլայանին, որում պնդվում է, որ նա միլիոնավոր դոլարների կաշառքի և ոսկերչական իրերի դիմաց աջակցել է, որպեսզի Իրանը կարողանա փոխանցումներ կատարել Միացյալ Նահանգների ֆինանսական համակարգի միջոցով՝ շրջանցելով պատժամիջոցները:

Թուրքական իշխանությունները, սակայն, միլիոնավոր դոլարների անօրինական գործարքներին առնչվող այս գործը զրպարտություն են համարում: Պաշտոնական Անկարան այն որակում է Թուրքիայի դեմ դավադրություն, որը չունի իրավական հիմքեր: Թուրքիայի նախագահ Էրդողանը ևս հայտարարել է, որ գործը շինծու է: «Մենք ԱՄՆ-ի սահմանած ոչ մի պատժամիջոց էլ չեն շրջանցել և Իրանի հետ հարաբերություններում ճիշտ ենք վարվել»,- ասել է Էրդողանը:

Զարաբի երեկվա ցուցմունքների հրապարակումից հետո Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն, իր հերթին, ասել է, թե Նյու Յորքում ընթացող դատավարությունը «թատրոն է» և այս գործում արդարադատություն չի ակնկալում:

Բացի Զարաբից ու Չաղլայանից, ամերիկյան դատարանի մեղադրական եզրակացության մեջ հիշատակվում են նաև թուրքական պետական «Հալք» բանկի կառավարիչ Սուլեյման Ասլանի, նրա տեղակալներ Լևենթ Բալկանի ու Մեհմեդ Հաքան Աթիլայի անունները։ Նրանք մեղադրվում են Իրանի անունից Ռեզա Զարաբի իրականացրած գործարքները կոծկելու համար կաշառք վերցնելու և պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ։

Ուշագրավ է, որ Մեհմեդ Հաքան Աթիլայի դատավարության ժամանակ Ռեզա Զարաբն առաջին անգամ հիշատակել է թուրքական երկու բանկի անուն ևս՝ Ziraat Bank և VakifBank, որոնք, ըստ նրա, ևս ներգրավված են միլիոնավոր դոլարների լվացման գործում: Այս գործով ընդհանուր առմամբ 9 մեղադրյալ կա, այդ թվում՝ Զարաբի ենթականերից մի քանիսը։ «Հալք» բանկի կառավարչի տեղակալ Մեհմեդ Աթիլան դատարանում հայտարարել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:

Թուրքական «Ջումհուրիյեթը» գրում է՝ «նախատեսվում էր, որ Զարաբն այսօր պետք է ավարտեր ցուցմունք տալը, սակայն դատավարությունը կարծես թե երկար կտևի»: