Իտալացի մասնագետ․ Հարկ է թվայնացնել գրադարաններում պահվող մշակութային ժառանգությունը

Այս օրերին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում է գտնվում երաժշտական գրադարանների իտալացի անվանի փորձագետ Մասիմո Ջենտիլի Տադեյսկին, ով վարպետության դասեր անցկացրեց Հայաստանի ավելի քան 160 գրադարանների աշխատակիցների հետ: Նրա մասնակցությամբ կազմակերպվեցին նաև մի շարք քննարկումներ՝ Հայաստանում ոչ միայն երաժշտական, այլև առհասարակ գրադարաններում պահպանվող հսկայական ժառանգության պահպանության և այդ ժառանգության միջազգայնացման ուղղությամբ:

«Ազատության» հետ զրույցում երաժշտական գրադարանների միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչ, Իտալիայում երաժշտական գրադարանները համակարգող փորձագետը շեշտում էր, որ առաջին անգամ Հայաստան է եկել ծանոթանալու երաժշտական գրադարանում պահպանվող ժառանգությանը դեռ 2006 թվականին:

«Դուք արտակարգ երաժշտական ժառանգություն ունեք, իսկ ձեր երաժշտական գրադարանը խիստ յուրահատուկ է, այն եզակի է ողջ աշխարհում, բայց շատ վատ վիճակում էր գտնվում», - ասաց նա:

Բոլորովին վերջերս, հիշեցնենք, որ երաժշտական գրադարանում պահպանվող ողջ գրականությունը տեղափոխվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որտեղ էլ այն պահպանվում է հավուր պատշաճի:

Մասիմո Ջենտիլին Տադեյսկու խոսքով՝ ինքը, որպես երաժշտական գրադարանների համաշխարհային ասոցիացիայի ներկայացուցիչ, հանդիպել է թե՛ Մշակույթի նախարարի, թե՛ տեղացի բազմաթիվ մասնագետների հետ՝ քննարկելու երաժշտական գրադարանում պահպանվող ժառանգությունը վերակենդանացնելու և տարածելու հիմնախնդիրները․ - «Սա ասես իմ առաքելությունն է: Հայաստանն ու Իտալիան շատ մեծ մշակութային հարստություն ունեն, որը պիտի ներկայացվի ողջ աշխարհին: Բայց դրա համար նախևառաջ այդ հարստությունը՝ մշակութային ժառանգությունը, պետք է պահպանել: Դա պետք է պետության առաջնահերթ խնդիրներից մեկը լինի: Արդեն հետագայում տարբեր միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ հարկ է այդ ժառանգությունը թվայնացնել, ինչը հնարավորություն կտա աշխարհի տարբեր երկրներում բնակվող գիտնականներին, երաժշտագետներին, գրադարանավարներին օգտվել մշակութային այդ ժառանգությունից»:

Հայաստանի գրադարանների ասոցիացիայի նախագահ, Խնկո-Ապոր գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի խոսքով, իտալացի փորձագետի հետ համագործակցում են դեռ 2003 թվականից, և իրականում նրա շնորհիվ ռեալ արդյունքներ են գրանցվել գրադարաններում պահպանվող գրականությունը է՛լ ավելի արդիական մեթոդներով միջազգային հանրությանը ներկայացնելու ուղղությամբ․ - «Ես այս նախաձեռնությանը միացա որպես Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ: 2005-2007 թվականներին ինքը Երաժշտական գրադարանների միջազգային ասոցիացիայի պրեզիդենտն էր: Երբ որ մենք ներկայացրեցինք Հայաստանի խնդիրները, իրենք հաջորդ տարի Անգլիայի երաժշտական գրադարանների ասոցիացիայի պրեզիդենտի հետ, որը միաժամանակ միջազգային ասոցիացիայի քարտուղարն էր, միասին այցելեցին Հայաստան, շրջեցին-ծանոթացան բոլոր երաժշտական գրադարանների ֆոնդերի հետ և մեծ զեկույց պատրաստեցին: Նաև հաջորդ տարի Երաժշտական գրադարանների միջազգային ասոցիացիայի միջազգային կոնֆերանսին զեկույցով ներկայացրեցին՝ ինչ վիճակ է Հայաստանում, ինչ ֆոնդեր ունենք, ինչ հարստություններ ունենք: Որովհետև հիացած էին․․․ բայց նաև սարսափած էր դրանց պահպանման վիճակով: Դրանից հետո բազմիցս՝ 2011, 2012 թվականներին այցելել է, ցանկություն է հայտնել օգնել և այլն»:

Իսկ Կոմիտասի թանգարանի-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոնստանդյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Հուսանք ապագայում մենք կունենանք է՛լ ավելի առաջադեմ և հարմարավետ համակարգ, որը նաև հասանելի կլինի ոչ միայն Հայաստանում: Որը է՛լ ավելի կհանրահռչակի և կներկայացնի մեր հայկական բազմադարյան մշակույթը»: