Ալիև․ Ղարաբաղի հարցում ստատուս քվոն պետք է փոխվի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոն պետք է փոխվի, և հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակներում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում ընթացող «Ասիայի սիրտը - Ստամբուլյան գործընթաց» համաժողովին:

«Ադրբեջանի տարածքի մեկ հինգերորդը օկուպացված է: Մեր բնակավայրերը, մզկիթները ավերված են: Ստատուս քվոն պետք է փոխվի, ինչը բազմիցս ընդգծել են [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահները: Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակներում», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Ղարաբաղյան հակամարտության հարցը երեկ Բաքվում քննարկել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները: «Ասիայի սիրտը - Ստամբուլյան գործընթաց» համաժողովին մասնակցելու նպատակով Ադրբեջանի մայրաքաղաք ժամանած թուրքական դիվանագիտական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիան քայլեր է ձեռնարկում ղարաբաղյան խնդրի կարգավորման և «Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրելու» համար: