Սիրիայի հարցով Ժնևում ընթացող խաղաղության բանակցությունները կտևեն մինչև դեկտեմբերի 15-ը: Այս մասին ասել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստաֆան դե Միստուրան:
Բանակցությունների կենտրոնում նոր Սահմանադրությունն է և ՄԱԿ-ի հովանավորած խորհրդարանական և նախագահական ընտրությունները: ՄԱԿ-ի բանագնացը նաև աշխատանքային 12 կետ է նշել որպես ընդհանուր տեսլական, թե ինչի կարող է նմանվել Սիրիան ավելի քան վեց տարվա պատերազմից հետո:
Սիրիայի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունների 8-րդ փուլը պաշտոնապես սկսվել է նոյեմբերի 29-ին: Միստուրան նշել է, որ բանակցություններն ընթանում են «լուրջ և պրոֆեսիոնալ» մթնոլորտում, սակայն նաև ավելացրել է՝ «վստահության պակասը լրջագույն խոչընդոտն է»:
2011 թվականին Սիրիայում բռնկված քաղաքացիական պատերազմի հետևանքով ավելի քան 330 հազար մարդ է մահացել, միլիոնավոր մարդիկ տեղահանվել են: