Զարիֆ․ ԱՄՆ-ին չի հաջողվի դուրս մղել Իրանին Սիրիայից

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը պնդել է, որ Միացյալ Նահանգներին չի հաջողվի դուրս մղել Իրանի ռազմական խորհրդատուներին և մարտիկներին Սիրիայից: Այդ մասին Զարիֆը հայտարարել է Հռոմում կոնֆերանսի ժամանակ:

«Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը չեն կարող որոշել Իրանի փոխարեն: Մենք այնտեղ ենք Սիրիայի կառավարության խնդրանքով․ դա մեր տարածաշրջանն է, դա Պարսից, այլ ոչ թե Մեքսիկական ծոցն է», - ասել է Իրանի արտգործնախարարը:

Իրանին Սիրիայից հանելու հարցում Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայի և Իսրայելի աջակցությունն է ստացել սիրիական ճգնաժամի կարգավորման՝ ՄԱԿ-ի կողմից հովանավորվող բանակցային գործընթացում: Ռուսաստանը կողմ է Իրանի ներկայությանը Սիրիայում, սակայն ամերիկացի պաշտոնյաները մեծ հույս ունեն այս հարցում ստանալ նաև Մոսկվայի աջակցությունը:

«Մենք խնդիր ունենք Վաշինգտոնից ուղղորդվող քաղաքականության հետ, վստահ եմ, որ այն վտանգավոր է, իմպուլսիվ և իրականության հետ աղերս չունեցող», - նշել է Զարիֆը: