Մինսկում այսօր ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որի ընթացքում նաև քաղաքական հայտարարություններ են ընդունվել, այդ թվում՝ Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ հայտարարությունը:
Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ այդ հայտարարությունում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց աջակցությունը Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը, ինչպես նաև հիմնահարցի կարգավորման հայտնի երեք` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով Մինսկում մասնակցում էր ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին, Հայաստանի համար «շատ կարևոր» է որակել այս հայտարարությունը:
«Անշուշտ, քաղաքական մեծ նշանակություն ունի [հայտարարությունը] և վերահաստատում է հիմնական սկզբունքները, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահության բացառիկ կարգավիճակը այդ հակամարտության կարգավորման տեսանկյունից: Ինչպես միշտ, այս համաձայնագրերը հիմք են հետագա աշխատանքի համար, և ես բազմիցս ասել եմ, որ մեր կազմակերպությունը կլինի այն, ինչ մենք բոլորս ներդնենք որպես ջանք և ստանանք այդ կազմակերպության ամրապնդման տեսակետից», - ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը:
Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ խորհրդի նեղ կազմով նիստին հաջորդած լիագումար նիստում կազմակերպության անդամ երկրների նախագահները քննարկել են ավելի քան երկու տասնյակ հարցեր, ստորագրել մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ հավաքական անվտանգության առաջիկա տարիների ռազմավարության իրագործմանը, կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, պաշտպանության, արտաքին քաղաքականության և մի շարք այլ բնագավառներում փոխգործակցությանը: