Հրազդանի «Երեխաների աջակցման հիմնադրամի» ցերեկային կենտրոնը, որը բացվել է 4 տարի առաջ, 2018-ի հունվարին հնարավոր է փակվի։ Տնօրեն Կամո Առաքելյանն ասում է՝ կենտրոնն իր գոյությունը պահպանել ու զարգացել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհների հաշվին, բայց հունվարի վերջին ծրագիրն ավարտվում է, և մինչև այս պահն իրենք չեն կարողացել ֆինանսավորման այլ աղբյուր գտնել։ «Դեսպանատան փոքր դրամաշնորհային ծրագրերը սովորաբար նախատեսվում են մեկ տարվա համար, բացառություն է եղել՝ մեզ երեք անգամ ֆինանսավորել են, վերջին մեկ տարում կիսով չափ նաև «Հայ օգնության ֆոնդը» միացավ մեր նախագծին: Բայց իրենք ասացին, որ սա վերջին անգամն է»,- ասաց Առաքելյանը:
Կենտրոնի գոյատևման համար հատկացվող դրամաշնորհը վերջին երեք տարիներին կազմել է տարեկան 28 հազար դոլար: Ըստ տնօրենի՝ հիմա բավարար կլինի անգամ 16-20 հազար դոլարը, միայն թե կենտրոնը չփակվի։ Առաքելյանի խոսքով՝ նաև պետական հավաստագիր ունեն, բայց բյուջեից, ըստ կարգի, կարող են հատկացում ստանալ միայն մեկ տարի հետո՝ 2019-ին։ Հիմնադրամի ղեկավարն ասում է՝ մեկ տարով կենտրոնը փակելն աղետալի կլինի այնտեղ հաճախող երեխաների համար։
Ֆինանսավորման գործընթացն արագացնելու խնդրանքով նամակ են ուղարկել նաև վարչապետին, բայց պատասխան չեն ստացել։ «Յուրաքանչյուր համայքնում պետք է ստեղծվեն ցերեկային կենտրոններ, դա պետական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է, սակայն, այս ամենը մենք ստեղծել ենք մեր ջանքերով, միջազգային դոնորների և այլն: Պետությանը սկուտեղի վրա մատուցում ենք, ընդամենը գումար պետք է տան, որ պահվի, բայց չենք տեսնում ջերմ վերաբերմունք մեր նկատմամբ»,- շարունակում է Առաքելյանը:
Տնօրենն ու անձնակազմը ցավով են նշում, որ գործադիրը հետաքրքրված չէ կարիքավոր խավերի և հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներով։ Մինչդեռ այստեղ հաճախող փոքրիկների մոտ առկա դրական տեղաշարժը փաստում են հենց ծնողները։ 9-ամյա Արթուրի մոտ ախտորոշվել է ի ծնե մանկական ուղեղի կաթված։ Նախկինում նա դժվարությամբ էր քայլում, չէր շփվում, նյարդային էր, պատմում է Արթուրի մայրն ու ասում՝ կենտրոն հաճախելը ակնհայտ դրական ազդեցություն է ունեցել որդու վրա, և եթե փակման պատճառով իրենք զրկվեն ամենշաբաթյա պարապմունքներից, ապա հետընթաց կապրեն։ «Քայլում է շատ լավ, նույնիսկ վազում է, մեջքն ուղիղ է պահում, առաջ դա խնդիր էր»,- ասում է երեխայի մայրը:
Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում սա միակ կրթական և վերականգնողական ցերեկային կենտրոնն է։ Դրա դռները չփակելու համար ծնողներն ու տնօրենը դիմել են նաև բարերարներին, բայց էլի արձագանք չեն ստացել։ Մինչդեռ այստեղ հաճախող երեխաների գերակշիռ մասը սոցիալապես անապահով ընտանիքներից են, և ծնողները հնարավորություն չունեն նման ծառայությունների համար Երևան հասնելու։ Մանկավարժները ևս փաստում են՝ կենտրոնի գոյությունը կարևոր է բոլորի համար․ «Կարծում եմ՝ այսքան մեծ թվով հաշմանդամություն ունեցող երեխաների համար արժե ջանքեր, միջոցնր դնել»,- ասում է մանկավարժներից մեկը:
Հիմնադրամի տնօրեն Կամո Առաքելյանն ասում է՝ 1 տարի կենտրոնի աշխատանքն առանց ընդմիջումների կազմակերպելու համար օգնության հույս չունեն նաև համայնքային ու մարզային կառույցներից։ Իշխանություններից ստացել են հստակ պատասխան՝ բյուջեում գումար չկա։ Մինդեռ՝ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը զարմացավ, լսելով, որ ցերեկային կենտրոնը կանգնել է փակման վտանգի առջև։
Ըստ քաղաքապետի՝ 2 ամիս առաջ է կառույցի հարցերը քննարկել հիմնադրամի տնօրենի հետ, բայց այդ մասին ոչինչ չի լսել։ Քաղաքապետը նաև վստահեցրեց՝ կօգնեն, որքանով կարող են, բայց նախ պետք է հասկանան, թե ինչքան գումար է պետք։ «Բնականաբար, ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի չփակվի, բայց եթե իրենք առաջարկեն այնպիսի ծավալի գումար, որի հնարավորությունը չունենք, չեմ կարող տրամադրել»,- «Ազատությանն» ասաց Արամ Դանիելյանը:
Սոցիալական հարցերի նախարարությունից էլ «Ազատությանը» փոխանցեցին՝ կենտրոնը 2018-ին հնարավոր է ֆինանսավորել միայն մի պարագայում՝ եթե շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպման արդյունքում լրացուցիչ միջոցներ գոյանան։ Այլ տարբերակ և աղբյուր առայժմ չկա։