«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագիծը հաջորդ շաբաթ կմտնի Ազգային ժողովի լիագումար նիստ:
Այն այսօր խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովում բուռն քննարկումներից հետո դրական եզրակացություն ստացավ:
Միակ դեմ քվեարկողը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էր: Նա շեշտեց, որ ընդհանրապես դեմ է նման օրինագիծ ունենալուն, և հանրային բուռն քննարկումներից հետո կատարված լրամշակումները իր համար ընդունելի չեն:
Մասնավորապես, պատգամավորը զավեշտալի համարեց այն փոփոխությունը, որ տեղ է գտել հենց փաստաթղթի վերնագրում։ Սկզբնապես «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» կոչվող օրինագիծը պատգամավորների սեղաններին է դրվելու «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» վերնագրի ներքո: Ահա հենց այս վերջին՝ ՝ «համերաշխության վերականգնման մասին» արտահատությունը հայտնվեց թեժ քննարկումների կիզակետում:
«Երբեք չեմ մտածել, որ կարելի ա օրենքով համերաշխություն վերականգնել: Սա նույն բանն ա, ոնց որ ասես օրենք ընտանիքում բարձր տրամադրություն առաջացնելու մասին, օրենքով պարտադրես, որ, ասենք, վերհիշեն իրենց բարիդրացիական հարաբերությունները ընտանիքում․․․ և այսպես շարունակ: Օրենքով պարտադրես, որ տրամադրության անկում չգրանցվի այս երեկո, որովհետև․․․ ո՞նց կարելի ա համերաշխությունը ստիպել, որ վերականգնվի օրենքով», - տարակուսեց Գևորգ Պետրոսյանը:
Բացի այդ, պատգամավորը հավելեց, որ թեև հարգում է ոստիկանական համակարգը, սակայն մտահոգ է․ համակարգում բոլորը չէ, որ իրենց համազգեստը պատվով են կրում, ինչպե՞ս են կարճ ժամանակահատվածում ոստիկանները պատրաստվելու ընտանեկան բռնության դեպքերին պատշաճ արձագանքելուն․ - «Ես վստահ եմ, որ այս դրույթները հատկապես, եթե հանկարծ, Աստված ոչ արասցե, ձեր թեթև ձեռամբ կյանքի կոչվեն, ապա անպայման լինելու են հենց ոստիկանների հետ բախումներ․․․ Եվ էդ բախումները, Աստված չանի, բայց գուցեև ավարտվեն շատ ծանր հետևանքներով»:
Սպիտակից ընտրված պատգամավոր Վանիկ Ասատրյանը («Ծառուկյան») ասաց, թե որպես մարզի ներկայացուցիչ կարծում էր, թե իր ելույթն ամենից կոշտը կլինի, սակայն մայրաքաղաքի ներկայացուցիչներն իրեն գերազանցեցին:
Նա փոխանցեց, որ գյուղական համայնքներում հանդիպումներ են ունեցել օրինգածի վերաբերյալ․ - «Եթե մի փոքր բան ըլի գյուղական համայնքում, հարևանը չսիրի էդ հարևանին ու անմիջապես ոստիկանին հայտնի, ոստիկանը պետք է գա, իրա տեղը ցույց տա: Ու էդ տվյալ գյուղացին ասում ա՝ հլա մի հատ ոստիկան մտնի իմ տուն: Ես ու իմ տունը․ իմ մարդն ա, խմել է, ծեծել ա, էգուց էլ ես պըտի բարիշեմ․․․»
Խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը շտապեց մեկնաբանել օրինագծի շուրջ թյուրըմբռնումները․ - «Թող ոչ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, որ էս օրենքի ընդունելուց հետո՝ սկսած օջախում քավորը կգա, կհաշտեցնի, գյուղապետը կգնա, կասի՝ լավ, թարգեք, ամոթ ա, էս ինչ եք անում, կինը կասին՝ լավ, վաղը կբարիշեմ, կգնամ․․․ էս օրենքը դրանք վերացնելու մասին չի․ դրանք եղել են, կլինեն ու որքան շատ լինեն, որքան էդ ավանդույթները պահպանվեն, էդքան լավ: Էդ Ձեր բերած վերջին օրինակում, երբ որ կինը կասի՝ լավ ա արել ծեծել ա, վաղը կբարիշեմ, էս օրենքի իմաստով, առավելագույնը, ինչ կարա անի ոստիկանը, ամուսնուն զգուշացնում ա, ասում ա՝ էլ չծեծես»:
Սոցիալական ցանցեր մտնելու կամ ուշ ժամիտնին տնից դուրս գալու արգելքը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես բռնություն, երեխաները միայնակ չեն կարող հայտնվել ապաստարաններում, որևէ մեկին իր կամքին հակառակ ապաստարանում չեն պահի: Ոստիկանն էլ, Թովմասյանի փոխանցմամբ, կարող է միջամտել բացառապես, երբ կյանքին և առողջությանը սպառնացող վտանգ կա․ - «Էդ ոստիկանն էլ ունի ընտանիք, և իր նպատակը չի գնալու և էդ ընտանիքը քանդելու»:
Հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանը նկատեց․ - «Համերաշխությունը ճես վերականգնի ու չես ստիպի օրենքով վերականգնել: Բայց այս օրենքի իմաստով գաղափարն էն է, որ էստեղ եղել են սկզբունքներ, որոնք նաև իմ առաջարկության հիման վրա բարձրացվել են վերնագրի մակարդակ՝ ցույց տալու համար, որ ի վերջո պետության կարգավորիչ դերի նշանակության վերջնակետը կամ վերջնական նպատակակետը էդ ընտանիքում վերականգնելն ա բնականոն մթնոլորտը: Աստված տա, որ էս օրենքի կարգավորմանը ոչ մի ձևով հերթ չհասնի»: