Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը ստորագրելը այժմ ընթացող բանակցությունների վրա բացասական ազդեցություն կունենա: Այս մասին Ազատության հետ զրույցում ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունից Դավիթ Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ սա ցույց է տալիս, թե որքանով են իշխանությունները արձագանքում հասարակության պահանջին և իրենց կողմից լիազորված անձանց սկսած բանակցությունների պրոցեսին։
Պետրոսյանը հայտնեց, որ խորհրդարանում անցկացված կլոր սեղան-քննարկումից հետո երկու աշխատանքային հանդիպումներ են ունեցել՝ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ու պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ։
Նախաձեռնության անդամը ասաց, որ իշխանությունների մոտ լուրջ փոփոխությունների պատրաստակամություն չեն նկատել, և իրենք արդյունքների մի քանի ամիս չեն սպասելու։ «Եթե մոտակա օրերին արդյունք չլինի, ապա ուրեմն այս պրոցեսի նպատակը տարբեր քաղաքական դիվիդենտներ բավարարելն էր», - նշեց Պետրոսյանը՝ վստահեցնելով, որ արդյունքներ չունենալու դեպքում միանշանակ դուրս կգան բանակցություններից։
Հիշեցնենք՝ Հայաստանի նախագահը երեկ ստորագրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը։ Համաձայն օրենքի, որը Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:
Խորհրդարանում օրինագծի քննարկումներին զուգահեռ, ուսանողները բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ պնդելով, որ այն կխոչընդոտի գիտության զարգացմանը։ Օրենքի ընդունումից քիչ անց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպելուց հետո ուսանողները հայտարարեցին, որ դադարեցնում են հացադուլն ու դասադուլը և անցնում կլոր սեղան ձևաչափով քննարկումների։
Տե՛ս նաև այստեղ