«Ռուսաստանը հիմա հարվածում է Հայաստանին, հետո կհամակերպվի»․ ՀՀԿ պատգամավոր

ՀՀԿ պատգամավոր, ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյան, 30-ը նոյեմբերի, 2017 թ․

Իշխող Հանրապետականի պատգամավոր, խորհրդարանի սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը քաղաքական պատվեր է տեսնում ռուսական դաշնային հեռուստաալիքների՝ Հայաստանին վարկաբեկող և վիրավորող հաղորդումների ետևում:

Հակոբյանի համոզմամբ՝ Ռուսաստանին դուր չի գալիս, որ Հայաստանն, իբրև ինքնիշխան պետություն, ինքնուրույն արտաքին քաղաքականություն է իրականացնում՝ համագործակցության համաձայնագիր կնքելով Եվրամիության հետ: Հիշեցնենք՝ ռուսական НТВ հեռուստաընկերության «Հանդիպման վայրը» ծրագրի թողարկումներից մեկում ռուսաստանցի վերլուծաբաններն ու քաղաքագետները, անդրադառանալով Եվրամիություն-Հայաստան համաձայնագրին, վիրավորական մեկնաբանությունները էին անում Հայաստանի հասցեին՝ երկիրը համեմատելով ամուսնացած կնոջ հետ, որը որոշել է սիրավեպ սկսել մեկ ուրիշ տղամարդու հետ:

Ըստ այդմ՝ «Ռուսաստանի կինը» հանդիսացող Հայաստանն, իբր, փորձում է հեռանալ Ռուսաստանից ու գնալ Եվրամիության մոտ: Հայաստանի իշխող ուժը ներկայացնող պատգամավորը նորմալ է համարում, որ Ռուսաստանը փորձում է հարվածներ հասցնել Հայաստանին, բայց նաև հիշեցնում է նշանավոր քաղաքական գործիչ Մահաթմա Գանդիի խոսքերը:

«Եթե ձեզ թվում է, թե Ռուսաստանը գոհ է, որ մենք ինքնիշխանության խնդիր ենք լուծում մեզ համար, ես դրա հետ համաձայն չեմ լինի, որովհետև Ռուսաստանը դրա կարիքը չունի: Ռուսաստանի համար կարևորն այն չէ, թե դու ինչ ես, կամ ով ես, կարևորն այն է, թե իրան ինչքան ես լսում: Դրա համար ասում եմ, որ կլինեն ավելի, էսպես, վատ երևույթներ: Հանգիստ եղեք, դա նորմալ է: Կա Մահաթմա Գանդիի հայտնի խոսքերը՝ երբ դու փորձ ես անում քեզ հաստատելու համար, սկզբից քեզ հարվածում են, հետո ծիծաղում են, հետո՝ համակերպվում: Այնպես որ՝ մենք գտնվում ենք հարվածելու փուլում ու պետք է հասկանանք, որ դա նորմալ է»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբյանը:

Նա վստահ է, որ ռուսական նշված հեռուստահաղորդումները պատրաստվում են քաղաքական պատվերի շրջանակում: Հարցին՝ Հայաստանը մտադիր չէ՞ որոշակի քայլեր իրականացնել՝ հակազդելով նման քարոզչությանը, Հակոբ Հակոբյանը պատասխանեց․ «Եթե հետևենք հայտնի Մահաթմա Գանդիին, ապա նա ասում էր՝ դուք հանգիստ եղեք, ձեր աշխատանքը կատարեք»:

Ի տարբերություն իր կուսակից գործընկերոջ Հակոբ Հակոբյանի, Հանրապետական մեկ այլ պատգամավոր Կարեն Ավագյանը հակահայկական բնույթի ռուսաստանյան հեռուստահաղորդումների ետևում քաղաքական պատվեր չի տեսնում, քանի որ ՌԴ իշխանություններից ամենաբարձր մակարդակով այդօրինակ շեշտադրումներ չի լսել: Նրա համոզմամբ՝ այն, ինչ մենք տեսնում ու լսում ենք ռուսական հեռուստաալիքներով, առանձին խմբերի կարծիքներ են, որն արտահայտողները փորձում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ։

ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյան, 30-ը նոյեմբերի, 2017 թ․

«Դա կոնկրետ խմբի, կոնկրետ մարդկանց կարծիք է: Ես խոսում եմ պաշտոնական կարծիքների մասին: Համոզված եմ, որ քաղաքական պատվեր չկա, որովհետև, նորից եմ ասում՝ ամենաբարձր մակարդակով պաշտոնական բոլոր հայտարարություններում ոչ մի տեսակի շեշտադրում, որի մասին խոսում եք, մենք չենք նկատել»,- ասաց Կարեն Ավագյանը:

ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյան, 30-ը նոյեմբերի, 2017 թ․

Հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ շեշտում է՝ հնչող վիրավորանքներին ի պատասխան, Հայաստանն էլ կարող էր իր հեռուստաընկերություններով համարժեք արձագանք տալ, բայց դրա կարիքը չկա: Ըստ Աճեմյանի, լավագույն պատասխանը Եվրամիության հետ կնքված համաձայնագրի իրականացումը պետք է լինի: «Անկեղծ ասած, ոչ թե վիրավորված եմ զգում, այլ կարծում եմ իրենք են ինչ-որ տեղ վիրավորված երևի թե, եթե այդպես են իրենց պահում: Համաձայնագիրն արդեն ստորագրված է, ամեն ինչ արված է, և մենք այդ ճանապարհով գնալու ենք: Իրենք պետք է հարմարվեն այդ մտքի հետ»,- «Ազատության» հետ զրույցում նշեց Կարինե Աճեմյանը:

Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ հույս է հայտնում, որ ռուսական հեռուստաալիքներով Հայաստանի հասեցին հնչող վիրավորական գնահատականները չեն արտահայտում Ռուսաստանի իշխանությունների տեսակետը: Եթե դա այդպես չէ, ապա ամեն ինչ շատ ավելի վատ է, քան թվում է, ասում է Պետրոսյանը: Նրա պնդմամբ՝ Հայաստանի արտոգործնախարարությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի: Ինչ վերաբերում է այդ հաղորդումներում Հայաստանը «դավաճան կնոջ» նմանեցնելու մասին խոսքերին, ապա «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը հորդորում է լավ հիշել, թե որտեղ են թաքնված «կանացիական դավաճանության» ակունքները:

Գևորգ Պետրոսյան, «Ծառուկյան» խմբակցություն, 30-ը նոյեմբերի, 2017 թ․

«Իրենք կարող են իրենց հիշողությունը լարել և հաստատ, վստահ եմ, արդյունքում կհասկանան, որ Հայաստանը չի դավաճանության, հատկապես՝ կանացիական դավաճանության ակունքը: Երկրորդ՝ նրանք պետք է բարի լինեն՝ հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Մենք մեր դիրքորոշումները, մեր քայլերն իրականացնելիս հիմք ենք ընդունել ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը, համաձայն որի, Հայաստանն ինքնիշխան պետություն է:

Այդ ինքնիշխանության, անկախության գաղափարն ու՞ր մնաց, երբ մենք պետք է մեր արտաքին քաղաքականության վեկտորները պայմանավորենք ինչ-որ հյուսիսային կողմերից եկող քամիներով: Ես չեմ կարծում, որ դա արվել է փողոցային խուժանի մակարդակով, որ մենք ասենք՝ նման կարծիքներին պետք չէ լուրջ վերաբերվել ու պետք է դրանք անտեսել: Մեր ԱԳՆ-ն, որը հանուն ճշմարտության, իմ կարծիքով, ոչ միշտ է իր բարձրության վրա նման դեպքերում, պետք է արձագանքի, պետք է պահանջի հարգել մեր ինքնիշխանությունը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը: