Հայաստանը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ՀԱՊԿ գագաթնաժողովի հայտարարություն է նախաձեռնում

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանը այսօր Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարության նախաձեռնությամբ է հանդես եկել:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն, գագաթնաժողովի հաստատմանը Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի հայտարարության նախագիծը այսօր գործընկերներին է ներկայացրել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

Նիստի ժամանակ, որին Հայաստանից մասնակցել են նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արամ Թանանյանը, նախարարներն անդրադարձել են Հավաքական անվտանգության խորհրդի 2016 թվականի երևանյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին, հավանություն տվել օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում ներառված երկու տասնյակից ավելի փաստաթղթերի նախագծերին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակում արձանագրված արդյունքների մասին։

Ելույթ ունենալով հայկական պատվիրակության անունից՝ Նալբանդյանն անդրադարձել է ՀԱՊԿ շրջանակում համագործակցության քառորդդարյա ուղուն՝ ընդգծելով, որ անցյալ տարի կազմակերպության երևանյան գագաթաժողովին ընդունված «Մինչև 2025թ. ՀԱՊԿ զարգացման հայցեակարգում» հստակ նախանշված են կազմակերպության հետագա անելիքները։

Հանդիպման արդյունքներով ստորագրվել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք փաստաթղթեր։