Դատավորն այսօր մերժեց «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող՝ ԱՄՆ քաղաքացի Կարո Եղնուկյանի ներկայացրած բոլոր միջնորդությունները:
Եղնուկյանն այսօր ավելի վաղ երեք միջնորդություն էր ներկայացրել, մասնավորապես, պահանջելով մեկ միլոն դոլար արժողությամբ գույքի գրավադրման դիմաց իրեն կալանքից ազատ արձակել:
Եղնուկյանը միջնորդել էր նաև իր գործն անջատել «Սասնա ծռերի» վարույթից, նաև պահանջել, որ իրեն այլևս չբերեն դատական նիստերին, քանի որ դա խիստ բացասական ազդեցություն է ունենում իր առողջական վիճակի վրա: Եղնուկյանի խոսքով՝ բժիշկներն իր մոտ ախտորոշել են կրիզիսային հիպերտոնիա, որն առավել սրվում է դատարանում առաջացող նյարդային ֆոնի վրա, պատճառ դառնալով զարկերակային ճնշման կտրուկ (մինչև 220) բարձրացման: Ամբաստանյալն ասել էր նաև, որ առողջական այլ խնդիրներ էլ ունի:
Հիշեցնելով հանրությանը «Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի օրինակը, Կարո Եղնուկյանը հայտարարել էր, որ ինքը չի ուզում մեռնել կալանավայրում, ինչը տեղի կունենա, եթե շարունակվի նույն վիճակը: Եղնուկյանն ասել էր նաև, որ իր միջնորդությունների մերժման դեպքում կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Միջնորդությունների մերժման պահին Կարող Եղնուկյանն արդեն դատարանի դահլիճում չէր: