Նիստերի օրակարգում հարցը դրական եզրակացությամբ ընդգրկելուն կողմ էին միայն հանձնաժողովում «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը և «Ելք»-ից Արտակ Զեյնալյանը, դեմ՝ իշխող «Հանրապետական» և «Դաշնակցություն» խմբակցությունների պատգամավորները, ինչպես նաև «Ծառուկյան» դաշինքից Արայիկ Աղաբաբյանը։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը (ՀՀԿ) մինչև հարցը քվեարկության դնելն ուղիղ տեքստով հայտարարեց․ - «Այս հարցը Հայաստանի քաղաքական օրակարգում գոյություն չունի, քանի իշխանությանը Հայաստանի հանրապետական կուսակցությունն է իր կոալիցիոն գործընկերոջ հետ: Այն է՝ առնվազն մինչև 2022 թվականը»:
ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի հիմնավորումները հանձնաժողովում ներկայացրեց Էդմոն Մարուքյանը: Նա պնդեց, թե Հայաստանը, ԵԱՏՄ-ում մնալով, միայն վնասներ է կրում․ հետընթաց կա սոցիալ-տնտեսական ոլորտներում, չի ամրապնդվել Հայաստանի անվտանգությությունը:
ԵԱՏՄ այլընտրանքը, ըստ «Ելք»-ի, Եվրամիության հետ համագործակցությունն է ասոցացման համաձայնագրի շրջանակներում՝ եվրոպական 500-միլիոնանոց շուկան, ներդրումները, տնտեսականից զատ նաև քաղաքական համակարգի զարգացման հնարավորությունները։
Մարուքյանն ասաց․ - «Սոցիալական առումով ԵԱՏՄ անդամակցության հետևանքով 900 անուն ապրանք թանկանալու է: Քանի դեռ ԵԱՏՄ վնասները շատ չեն հարվածել Հայաստանի տնտեսությանը, մենք պետք է էդ ժամանակ դուրս գանք։ Այսինքն ինչ է՞, մենք սպասում ենք, որ առաջնային սպառման ապրանքները այնքան թանկանան, որ Հայաստանում աղքատության վիճակը ավելի սրվի, սոցիալական վիճակը ավելի սրվի, նո՞ր քննարկենք»:
«Ելք»-ի կարծիքով, ԵԱՏՄ անդամակցությունը սահմանափակում է նաև անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը:
«Երեկվա լրահոսին հետևելով՝ ես հասկացա, որ այս ժամանակները երևի թե մեր գիտակցության մեջ կվերակենդանացնեն նաև Խորհրդային Միության որոշ հայտնի ասացվածքներ: Դրանցից ամենահայտնին և սեզոնայինը հետևյալն էր՝ Չկա լիմոն, մանդարին, դատապարտեմ այսպիսի Նոր տարին: Ինչի համար եմ ասում․ երեկ պարզվեց, որ Վրաստանից 5 կիլոգրամից ավել մանդարին ներկրելու համար հարկավոր է 4 կիլոգրամ փաստաթուղթ կցել, և դա Եվրասիական տնտեսական միության նոր նվաճումն է», - ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ տարածքից Հայաստան է գալիս «ավտորիտար մշակույթ»․ - «Եվրոպայի հետ մի հատ կիսափաստաթուղթ ա ստորագրվել, որդե բացում ես՝ Սերժ Սարգսյանը ամենաիմաստունն ա․․․ Կիմ Չեն Ընին աբգոտ կանի, եթե էս տեմպով իրեք օր էլ շարունակվի: Ինչի՞ համար է էս ամեն ինչը արվում․․․ Արվում ա իշխանությունը գրոհելու հերթական բանի համար»:
Չհամաձայնելով, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրները ԵԱՏՄ անդամակցության հետ են կապված՝ Դաշնակցությունից Արմեն Ռուստամյանը հայտարարեց․ - «Արծարծվող հարցը էս իրադրության մեջ, որ արդեն Հայաստանը կնքել է պայմանագրեր ԵԱՏՄ և ԵՄ, իսկապես հայտվել է, այսպես ասած, խաղից դուրս վիճակում: Ընդհակառակը, առաջացել է մի նոր իրավիճակ, որտեղ Հայաստանը կարող է օգտագործել ստեղծված հնարավորությունները և ձեռք բերել նոր հնարավոր զարգացման համար ռեսուրսներ»:
Արմեն Աշոտյանը հայտաարեց, թե ԵԱՏՄ-ին անդամակցությունը բխում է Հայաստանի ազգային ու պետական շահերից․ - «Եվ հակառակը, կարծում ենք, վնասակար է լինելու Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի համար»:
Չնայած «Ծառուկյան» դաշինքից Արարատ Զուրաբյանը կողմ քվեարկեց «Ելք»-ի նախագիծին՝ բայց քննարկումների ժամանակ նա նույնպես մտահոգություններ ուներ․ - «Մի օր ռուսական զինվորը կարող է իր զենքը գցել էդ Թուրքիայի սահմանին ու ասի՝ ինձ ստեղ լավ չեն նայում, լավ չեմ վճարվում, ես գնացի: Կներեք, եթե մենք քննարկեինք Բելգիայի ու, ասենք թե, Հոլանդիայի հետ կապված հարց, ես կհասկանայի: Բայց երբ որ մենք քննարկում ենք Ռուսաստանի հետ կապված հարց, մենք շատ լավ պատկերացնում ենք, թե ինչ է Ռուսաստանը: Նաև պետք է գիտակցենք՝ որո՞նք են Ռուսաստանի քայլերը»:
«Ելք»-ից Արտակ Զեյնալյանը արձագանքեց Արարատ Զուրաբյանին․ - «Մշտապես խոսում են նրա մասին, որ Ռուսաստանին պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի, եթե մենք դուրս գանք ԵԱՏՄ-ից: Հարգելի գործընկերներ, սա վկայում է այն մասին, որ մենք վստահ ենք, որ վրեժ է լուծվելու, մենք խոսում ենք նրա մասին, որ մենք կամավոր ազատության սկզբունքով չի, որ անդամագրված ենք դրան: Եվ քննարկվում է հետևյալ հարցը՝ ե՞րբ է ժամանակ գերությունից ազատվելու»:
Արտաշես Գեղամյանը (ՀՀԿ) ժամանակավրեպ որակեց ԵԱՏՄ-ից դուրդ գալու հարցը: Ասաց, որ նախագահի ու արտաքին քաղաքական գերատեսչության ջանքերով Հայաստանը դառնում է ինքնուրույն գործոն, իսկ Ադրբեջանը խաղից դուրս վիճակում է հայտնվում․ - «Քանի որ պոեզիայից խոսքը գնաց, Ռուսաստանի հետ կապված ավելի, քան Տյուտչևը ոչ ոք չի ասել՝ Умом Россию не понять/Ее аршином не измерить/ У ней особенная стать/В Россию можно только верить: Եվ ավարտեմ Ջիվանու խոսքերով՝ Իմ բանջարը ձեր հանճարին վնաս չի․․․»
Խորհրդարանը հաջորդ շաբաթ նույնպես կանդրադառնա բացասական եզրակացություն ստացած նախագծին:
Էդմոն Մարուքյանն ասաց, թե նախաձեռնության ճագատագիրն իրենց պարզ է․ - «Եթե չեմ սխալվում, այնտեղ երկու րոպե կարծիքների փոխանակման ընթացակարգ կա, և քվեարկվությամբ մերժվում է կամ ընդունվում է օրակարգ ընդգրկելու հարցը: Եվ հիմա, քանի որ տրվել է բացասական եզրակացություն, ակնհայտ է, որ պետք է մերժվի օրակարգ ընդգրկելու հարցը»: