Միացյալ Նահանգների Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի ավագ դպրոցում արդեն ավելի քան 25 տարի անգլերեն դասավանդող արձակագիր Շերոն Դրեյփերը մոտ 30 գրքի հեղինակ է, 5 անգամ արժանացել է «Կորետա Սկոտ Քինգ» գրական մրցանակի, գրքերի վաճառքի ծավալով «Նյու-Յորք թայմսի» կողմից ճանաչվել է բեստսելերների հեղինակ:
Մինչև վերջերս հայ ընթերցողին անծանոթ այս հեղինակի ամենահայտնի վեպերից մեկը՝ «Աղմկոտ լռությունը», որը Միացյալ Նահանգների դեսպանատան աջակցությամբ թարգմանվել է հայերեն, ներկայացվեց հայ հանրությանը դեսպանատան կազմակերպած շնորհանդեսի ժամանակ: Շնորհանդեսին ներկա էր նաև Շերոն Դրեյփերը:
Շնորհանդեսից առաջ «Ազատության» հետ զրուցում Դրեյփերն ասաց, որ մինչև Հայաստան գալը նա բավական շատ բան է կարդացել Հայաստանի և հայ ժողովրդի մասին: Նա ասաց, որ իր համար անսպասելի էր հայերեն թարգմանության առաջարկը, և ինքը շատ ուրախ է, որ արդեն իսկ բազմաթիվ լեզուներով թարգմանված այս գիրքը կկարողանա կարդալ նաև հայ ընթերցողը:
Գիրքը մի տասնմեկամյա աղջնակի՝ Մելոդիի մասին է, ով մեծ ուժի ու վճռականության տեր երեխա է․ - «Այս գիրքը պատմում է մի աղջկա մասին, որը չի կարող խոսել, չի կարող քայլել, բայց նա ոչ միայն շատ խելացի է, այլ նաև լի է սիրով: Նա պայքարում է հասկացված լինելու համար»:
Գրքի թարգմանությունը նախաձեռնել է Մանկավարժական համալսարանի դոցենտ, մասնագիտությամբ լոգոպեդ Արմենուհի Ավագյանը: «Ազատության» հետ զրույցում նա ասաց․ - «Ես այդ գիրքը կարդացի ու հասկացա, որ պարտավոր եմ հայ ընթերցողին հասանալի դարձնել գիրքը: Բոլորս հավասար ենք և իրար պարտավոր ենք էդպես ընդունել ու նկատել յուրաքանչյուրի դրական կողմերը, պոտենցիալը, առանձնահատկությունները, և հարգել միմյանց․․․ Գիրքը լի է էմոցիայով, և ուղղակի շատ կարևոր էր, որ ուղղակի բառերի շարք չթարգմանեի, այլ կարողանայի ընթերցողին էմոցիա նույնպես փոխանցել»:
Ի դեպ, գիրքն անգլերեն խորագրված է «Out of My Mind»` «Իմ մտքից դուրս»: Հարցին, թե ինչու է գերադասել «Աղմկոտ լռություն» վերնագիրը, Արմենուհի Ավագյանը պատասխանեց․ - «Թարգմանեցի «Աղմկոտ լռություն», որովհետև և՛ էդ երեխայի, և՛ իրեն շրջապատողների մեջ շատ աղմուկ կա, բայց նաև լռություն: Իր մեջ լռություն, որովհետև խոսել չի կարող, շրջապատի մեջ լռություն, որովհետև երբեմն անհանդուրժող հայացքներ են նետում դեպի իրեն, կամ գործողություն են կատարում, բայց ոչինչ չեն ասում»:
Գրքի հեղինակն այսպես է ներկայացնում․ - «Քանի որ աղջիկը չէր կարող խոսել, այդ իսկ պատճառով բառերը միայն նրա մտքից էին դուրս գալիս»:
Գրքի շնորհանդեսին ներկա էր Հայաստանում Միացյալ Նահանգների փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը: Նրա համոզմամբ, գիրքը շատ խորը հետք է թողնում բոլոր ընթերցողների հոգում ու սրտում, քանի որ նուրբ զգացողությունների, կարեկցանքի ու հասարակության բոլոր անդամների յուրահատուկ ունակությունները ևշնորհները գնահատելու ուղերձ է ամփոփում իր մեջ:
«Մելոդիի նման հազարավոր երեխաներ կան ողջ աշխարհում և նրանք պետք լիարժեք ապրեն հասարակության մեջ», - համոզված է գրքի հեղինակը:
Հարցին, թե ինչն է իրեն ոգեշնչել գրելու այս պատմությունը, Դրեյփերն արձագանքեց՝ մեծ պատմությունները ծնվում են մեր ներաշխարհում թաքնված խորը ճշմարտություններից: Մելոդիի կերպարն իր ներսում ի հայտ է եկել, քանի որ ինքը մեծացրել է զարգացման որոշակի առանձնահատկություններ ունեցող երեխա, բայց բայց գրքի հերոսուհին իր դուստրը չէ, գեղարվեստական կերպար է՝ սիրո ու փոխըմբռնման արգասիք:
Վիպակի վերջում ներկայացված նախապատմության մեջ Շերոն Դրեյփերը գրում է, որ գրքի հերոսուհու շնորհիվ իր հարգանքի տուրքն է մատուցում «պայքարող ծնողներին, չհասկացված երեխաներին և նվիրված խնամակալներին»: Վիպակը գրել է նաև նրանց համար, ովքեր թեքում են իրենց հայացքը և չգիտեն ինչ ասել նրանց, ում կյանքը կանգնեցրել է ակնհայտ դժավարությունների առջև:
«Պարզապես ժպտացեք ու ողջունեք նրանց», - հորդորում է Շերոն Դրեյփերը: