Չնայած միջազգային կազմակերպությունների ու իրավապաշտպանների քննադատություններին՝ Ռուսաստանի իշխանությունները է՛լ ավելի են խստացնում սահմանափակումները օտարերկրյա լրատվամիջոցների նկատմամբ: Խորհրդարանի երկու պալատների բարձրաստիճան օրենսդիրները՝ սահմանադրական կարգի և պետական շինարարության հանձնաժողովների նախագահներ Անդրեյ Կլիշասը և Պավել Կրաշեննիկովը Պետդումա են ներկայացրել նոր օրինագիծ, որով առաջարկվում է մինչև 5 միլիոն ռուբլի՝ 85 հազար դոլար վարչական տուգանք սահմանել «արտասահմանյան գործակալ» ճանաչված լրատվամիջոցների նկատմամբ, եթե վերջիններս խախտեն սահմանված կարգը: Խոշոր տուգանքներից բացի՝ օրինագիծը նաև 15-օրյա վարչական կալանք է նախատեսում, եթե նույն խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնվի ավելի քան երկու անգամ:
Սրանից ընդամենը չորս օր առաջ Ռուսաստանի նախագահը ստորագրեց խորհրդարանի ընդունած օրենսդրական նոր փոփոխությունները, որոնք թույլ են տալիս կառավարությանը այսուհետ որպես օտարերկրյա գործակալ գրանցել դրսից ֆինանսավորվող լրատվամիջոցները:
Ինչպես և այդ օրենքի ընդունման ժամանակ, այսօր էլ Պետդումայի փոխխոսնակ, իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության ներկայացուցիչ Պյոտր Տոլստոյը պնդում է՝ իրենք իրականում չեն ուզում, բայց ստիպված են նման քայլի գնալ: «Որպես մեկը, ով 30 տարի աշխատել է լրագրության ոլորտում և եղել է արտասահմանում գրանցված թղթակից, կարող եմ ասել, որ անձամբ ես նման քայլերի կողմնակից չեմ, սակայն սրանք հարկադրված քայլեր են, մենք այլ կերպ չենք կարող վարվել», - հայտարարել է նա:
Ռուսական կողմը պնդում է, թե սա Մոսկվայի պատասխանն է Միացյալ Նահանգներին, որտեղ Արդարադատության նախարարության որոշմամբ շաբաթներ առաջ Russia Today (RT) հեռուստաընկերությունը գրանցվեց որպես օտարերկրյա գործակալ` տասնյակ տարիներ գործող ակտին համապատասխան: Փորձագետներն ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, մինչդեռ, պնդում են՝ ռուսական օրենքն ամենևին էլ ամերիկյանի համարժեքը չէ, և երկու երկրներում լրագրողները տրամագծորեն տարբեր պայմաններում են աշխատում:
Երեկ այս հարցի շուրջ հատուկ հայտարարություն է տարածել նաև Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը՝ կոչ անելով Մոսկվային օրենքի փոփոխությունը չօգտագործել լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու համար: «Այդ օրինագիծը ևս մեկ սպառնալիք է Ռուսաստանում մամուլի ազատությանը», - հայտարարել է Պետդեպի խոսնակ Հիթեր Նաուերթը՝ ընդգծելով․ - «Խոսքի ազատությունը, այդ թվում այն մամուլի ու խոսքի, որը կառավարության համար կարող է և լինել անախորժ, մարդու հիմնարար ազատություններից է, որը Ռուսաստանը հանձն է առել պաշտպանել»:
Պետդեպարտամենտը ևս ընդգծում է, որ արդարացի ու համաչափ չէ այս օրինագծի համեմատությունը Միացյալ Նահանգներում գործող օտարերկրյա գործակալների մասին ակտի հետ, որը, ինչպես ընդգծել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը, «չի վերահսկում լրատվամիջոցի կողմից տարածվող տեղեկությունները, չի սահմանափակում հրապարակումները և չի խոչընդոտում այդ կազմակերպությունների աշխատանքին»:
Ռուսաստանի արդարադատության նախարարությունն արդեն զգուշացումներ է ուղարկել «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ռուսական ծառայությանը, «Настоящее время» հեռուստաալիքին ու մի շարք այլ ծրագրերի՝ տեղեկացնելով, որ նրանց աշխատանքը կարող է սահմանափակվել, առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու:
«Ազատություն» ռադիոկայանը պաշտոնական հայտարարությամբ փաստել էր՝ «Տեղին չէ ռուսական օրենքը դիտարկել որպես պատասխան այն պահանջներին, որոնք ներկայացվում են Միացյալ Նահանգներում Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներին: RT-ն և Sputnik-ը ազատորեն հեռարձակվում են ԱՄՆ-ում, մինչդեռ «Ազատությունը» զրկվել է իր վերահեռարձակող գործընկերներից՝ վարչական ճնշումների պատճառով:
Բացի այդ՝ ռադիոկայանին հնարավորություն չի տրվում հեռարձակվել նաև կաբելային կապուղիներով։ «Ազատության» լրագրողները Ռուսաստանում ենթարկվում են ճնշումների և ֆիզիկական հարձակումների, մինչդեռ RT-ի լրագրողներն ԱՄՆ-ում կանգնած չեն նման որևէ սպառնալիքի առաջ»։