ՄԻԵԴ-ի Մեծ պալատն անփոփոխ թողեց Վանո Մերաբիշվիլիի օգտին նախորդ տարի կայացրած վճիռը

Վանո Մերաբիշվիլի, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատն անփոփոխ թողեց Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի օգտին նախորդ տարի կայացրած վճիռը։

Ներքին գործերի նախկին նախարարը դիմել էր Ստրասբուրգ՝ պնդելով, որ կալանավայրում, գիշերվա ժամին իրեն գաղտնի դուրս են բերել խցից, տարել են գլխավոր դատախազի հետ հանդիպման, ով պահանջներ է ներկայացրել, սպառնացել իրեն և իր ընտանիքի անդամներին:

Գլխավոր դատախազը պահանջել էր, որ Մերաբիշվիլին ցուցմունք տա նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի գործով և ասի, թե Ժվանիան զոհվել է բռնությունների հետևանքով, ինչպես նաև հայտարարի, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին օֆշորային գոտիներում բանկային հաշվեհամարներ ունի:

Ներքին գործերի նախկին նախարարը հրաժարվել էր նման ցուցմունքներ տալ և դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Մերաբիշվիլին ընդդեմ Վրաստանի» գործով նա հաղթել էր: Անցյալ տարի Եվրոպական դատարանը որոշել էր, որ Վրաստանի իշխանությունները խախտել են Մարդու իրավունքների կոնվենցիայի 18-րդ հոդվածը:

Նշենք, որ այդ հոդվածը վերաբերում է կալանավորի իրավունքներին:

Վրաստանի իշխանությունները չէին ընդունել ՄԻԵԴ-ի վճիռը և դիմել էին Եվրոպական դատարանի Մեծ պալատին: Սակայն վերին ատյանն ուժի մեջ թողեց Մերաբիշվիլիի օգտին կայացված վճիռը: Մեծ պալատի որոշումը հրապարակվեց երեկ՝ նոյեմբերի 28-ին:

Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք Վրաստանի ներքին գործերի նախարարի, վարչապետի պաշտոնները զբաղեցրած քաղաքական ազդեցիկ գործիչ Վանո Մերաբիշվիլին մի շարք մեղադրանքներով ձերբակալվել է 2013 թվականին՝ երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, երբ խորհրդարանական ընտրություններում հաղթեց մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի կոալիցիան։ Հաջորդ տարի Քութաիսիի դատարանը նրան դատապարտել է հինգ տարվա ազատազրկման: