ԱՄՆ Պետդեպարտամենտ․ Ռուսաստանը վտանգում է մամուլի ազատությունը

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթ, արխիվ

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հայտարարել է, որ դրսից ֆինանսավորվող լրատվամիջոցները որպես օտարերկրյա գործակալ գրանցելով Ռուսաստանը վտանգում է մամուլի ազատությունը, և կոչ է արել Մոսկվային չօգտագործել օրենքում այդ փոփոխությունը լրատվամիջոցների վերահսկողությունը խստացնելու համար:

Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը ասել է, որ այդ օրենքն արդեն իսկ տարածվում է հասարակական կազմակերպությունների վրա, և որ Ռուսաստանն օգտագործել է այն՝ կազմակերպությունների դեմ արշավների ու ոտնձգությունների համար:

Նոյեմբերի 15-ին, հիշեցնենք, Ռուսաստանի խորհրդարանն ընդունեց «Տեղեկատվության մասին» օրենքի փոփոխությունները, որոնք թույլ կտան երկրի կառավարությանը այսուհետ որպես օտարերկրյա գործակալ գրանցել դրսից ֆինանսավորվող լրատվամիջոցները: Բացի այդ, օրենքը Ռուսաստանի իշխանություններին նաև իրավունք է տալիս արգելափակել «անցանկալի կազմակերպությունների» ինտերնետային կայքերը՝ առանց դատարանի որոշման: