Անդրիաս Ղուկասյանը պնդում է, թե վկաները կեղծ ցուցմունք են տալիս

Անցյալ տարվա հուլիսին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ոստիկանության գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին միանալու մտադրության մեղադրանքներով կալանավորված Անդրիաս Ղուկասյանի գործով նիստին այսօր հարցաքննվեց վկաներից ոստիկան Ներսես Հակոբյանը:

Նա պնդեց, որ հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, որոնց ընթացքում ելույթների ժամանակ ինքը ճանաչել է Դավիթ Սանասարյանին, Արմեն Մարտիրոսյանին և Անդրիաս Ղուկասյանին: Մյուսներին չի ճանաչել:

Հակոբյանը նշեց, որ միայն լսել է «Դեպի Սարի թաղ» վանկարկումներ: Նա ասաց, որ չի հիշում, թե արդյոք երթի ժամանակ բռնության կոչեր լսել է, կամ արդյո՞ք տուժել են Սարի թաղի բնակիչները:

Այժմ ճանապարհային ոստիկանության աշխատակից, վկա Լավրենտ Գալստյանն ասաց, որ տեսել է, թե ինչպես են հավաքվածները քարեր հավաքել և դրանցով վնասվածքներ են հասցրել ոստիկանության աշխատակիցներին: Վկան ասաց նաև, որ բռնության կոչեր չի լսել, սակայն համոզված է, որ ամբաստանյալ Անդրիաս Ղուկասյանի կողմից հրահանգներ եղել են:

Գործով մեկ այլ վկա՝ Մհեր Կիրակոսյանը պնդեց, որ տեսել է, թե ինչպես են քարեր գլորում ոստիկանների ուղղությամբ:

Երեք վկաներն իրենց ցուցմունքում ասացին, որ տեսել են, թե ինչպես է այդ ժամանակ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը բանակցություններ վարում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:

Արդեն մեկուկես տարի ճաղերի հետևում գտնվող ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանը պնդեց, որ վկաները կեղծ ցուցմունք են տալիս:

Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը ցանկացավ վկաների ցուցմունքների առնչությամբ հարցեր ուղղել իր պաշտպանյալին, սակայն դատարանը մերժեց այս միջնորդությունը:

Պաշտպանական կողմը հայտարարությամբ հանդես եկավ՝ պնդելով, թե նախագահող դատավորն ապօրինի է գործում և խախտում է պաշտպանական կողմի իրավունքները․ - «Զրկում եք ամեն ինչից․․․ ինչ-որ անձնավորված բան կա, գուցե է՞դ պատճառով է: Միգուցե որ ի սկզբանե բացարկ ենք հայտնել, դրա՞ պատճառով է: Միգուցե որ Ձեր որոշումը՝ կալանքը երկարացնելու, բողոքարկել ենք, դրա՞ պատճառով է․․․ Բայց նման վիճակ է ստեղծվել․․․ մեր պաշտպանյալի վրաշատ բացասական ձևով դա անդրադառնում է: Խախտում եք աջ ու ձախ մեր իրավունքները՝ պաշտպանության իրավունքը»:

Հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին, պաշտպան Կարեն Մեժլումյանը պատրաստվում է կրկին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել: