Յըլդըրըմ. «Վաշինգտոնը պետք է դադարեցնի համագործակցությունը սիրիացի քրդերի հետ»

Երեկ Լոնդոնում BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, թե պաշտոնական Վաշինգտոնը պետք է կատարի իր խոստումը և դադարեցնի համագործակցությունը սիրիացի քրդերին միավորող «Ժողովրդավարական միություն» կուսակցության և դրա զինված թևի` «Ժողովրդական պաշտպանության ուժերի» հետ, որոնց Անկարայում Աբդուլա Օջալանի ստեղծած «Քրդական բանվորական կուսակցության» տեղական մասնաճյուղն են համարում:

«Պարոն Թրամփը հասկանում է, թե ինչն է կարևոր Թուրքիայի համար: Թուրքիայի քաղաքականությունը «Իսլամական պետություն» խմբավորման հանդեպ միշտ էլ շատ հստակ է եղել: Մենք մշտապես նույնն ենք կրկնում` եթե դուք ցանկանում եք պարտության մատնել «Իսլամական պետությանը», ապա հարկավոր է ճիշտ գործընկեր ընտրել: Հնարավոր չէ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարել մեկ այլ ահաբեկչական կազմակերպության օգնությամբ», - հայտարարում էր Թուրքիայի վարչապետը:

Անցած շաբաթավերջին թուրքական կողմը հայտարարեց, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը խոստացել է դադարեցնել սիրիացի քրդերի սպառազինումը: Երկուշաբթի օրն արդեն Սիրիայի քրդերի հետ համագործակցությանն անդրադարձավ Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչությունը:

«Այժմ մենք քննարկում ենք սիրիացի քրդերի հետ մեր հետագա համագործակցության ընթացքում որոշակի շտկումներ մտցնելու հարցը: Այդ շտկումները պետք է բխեն «Իսլամական պետությանը» պարտության մատնելու ռազմական անհրաժեշտությունից և այն ըմբռնումից, որ «Իսլամական պետության» վերածնունդը պետք է բացառվի», - նշված է Պենտագոնի կողմից երկուշաբթի երեկոյան տարածված հայտարարության մեջ: Այսօր արդեն Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը նշել է, որ Պենտագոնի այս հայտարարությունը քննարկվելու է Ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում, որը կվարի անձամբ Էրդողանը:

Թուրքիայի վարչապետը երեկ BBC-ին տված հարցազրույցում նաև նշել է․ - «Առժամանակ մենք համակերպվում էինք ամերիկացիների և քրդերի համագործակցության հետ: Այդ ժամանակները, սակայն, անցել են»:

Համագործակցությունը «Ժողովրդավարական միության» կամ «Ժողովրդական պաշտպանության ուժերի» հետ մենք հասկանում ենք, թեև դա մեզ համար անընդունելի է: Մենք հասկանում ենք, որ դրանք ժամանակավոր հարաբերություններ էին: Այժմ դրանց պետք է վերջ տրվի, քանի որ «Իսլամական պետությունն» արդեն իսկ ջախջախված է», - հավելել է նա:

Բինալի Յըլդըրըմի խոսքով, սակայն, սիրիացի քրդերի շահերը պաշտպանող առաջատար քաղաքական ու ռազմական ուժերի հանդեպ որդեգրած այդ մոտեցումը պաշտոնական Անկարայի քրդատյացության մասին չի վկայում․ - «Մենք քրդերի հետ որևէ խնդիր չունենք: Նրանք մեր եղբայրներն ու հարևաններն են: Մեր խնդիրները ահաբեկչական այն կազմակերպությունների հետ են, որոնք օգտագործում են քուրդ ժողովրդին»: