ՀՀ նախագահ․ «Հակակոռուպցիոն պայքարը մեզ համար ազգային անվտանգության հարց է»

Լուսանկարը՝ նախագահականի

Անարդարության դեմ հայտարարված պատերազմի մի նոր փուլում հիմնական առաջամարտիկներից մեկը հենց Հատուկ քննչական ծառայությունն (ՀՔԾ) է: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ելույթ ունենալով ՀՔԾ-ի կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում: «Այս տասը տարիների ընթացքում ձեր աշխատանքով հավատ եք ներշնչել, որ ունակ եք պատվով կրելու պատասխանատու այս բեռը», - ասել է նախագահը:

«Մեր պետությունը ներկայումս կառավարման նոր կարգին անցնելու ճանապարհին է, որը հեռանկարային է, սակայն նաև՝ պատասխանատու և բարդ: Հատուկ քննչական ծառայության գործառույթների բնույթը հաշվի առնելով՝ ձեր անելիքը նաև յուրահատուկ է լինելու», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

«Վստահ եմ՝ գիտակցում եք, որ ապահով և մրցունակ պետություն դառնալու համար կա միայն մեկ ճանապարհ. այն է՝ անընդհատ զարգացնել ժողովրդավարական մեր ձեռքբերումները: Ավելի քան չորս տարի առաջ իմ հրամանագրով մեկնարկած սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը իրավունքի գերակայության երաշխավորման անհրաժեշտությունն էր: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ այդ սկզբունքը կայացած ժողովրդավարություն ունենալու գլխավոր գրավականներից է: Այդ սկզբունքի ներքո իրացվելու է օրենքի առջև ընդհանուր հավասարության գաղափարը: Սա պետք է հստակ գիտակցեն բոլորը և, հատկապես, բարձրաստիճան պաշտոնյաները: Նրանք միշտ պետք է գործեն այն համոզումով, որ կարգավիճակը, պաշտոնը կամ կոչումը ոչ թե առավելություն են, այլ առաջին հերթին՝ պատասխանատվություն: Այստեղ է, որ խիստ կարևորվում է Հատուկ քննչական ծառայության դերը», - հայտարարել է նախագահը՝ հավելելով․ - «Որքան մեծ լինեն ձեր հաջողությունները օրենքի առջև բոլորի հավասարությունը երաշխավորելու գործում, այնքան տեսանելի և զգալի կլինի երկրում արդարադատության հաղթանակը»:

«Դժվար է խոսել արդարության մասին, երբ գործնականում անհավասարության նշան է դրվում հավասարների միջև: Իմ համոզմամբ՝ անարդարության ցանկացած դրսևորում հիվանդություն է, ընդ որում՝ ծանր: Այն նման է քաղցկեղի. առանց միջամտության չի անցնում և ինքնաբերաբար չի բուժվում, ավելին՝ տարածվում է», - ասել է Սերժ Սարգսյանը:

Նշելով, որ ՀՔԾ-ի կողմից քննվող քրեական գործերը բազմատեսակ են՝ կոռուպցիոն երևույթներից մինչև ընտրախախտումներ, նախագահը շարունակել է․ - «Օրենքով տրված լիազորությունների ուժով դուք առնչվում եք երկրի օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողներին վերագրվող ենթադրյալ իրավախախտումների հետ: Դուք գործ ունեք նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց, ներառյալ՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից կատարված առերևույթ արարքների հետ: Միաժամանակ, օրենքով նշված հատուկ հիմքերի առկայության դեպքում ձեզ կարող են փոխանցվել իրենց հանրային հնչեղությամբ կամ բացառիկ նշանակությամբ առանձնացող գործեր, որոնց համակողմանի և անաչառ քննությունը պետք է երաշխավորված լինի: Այլ կերպ ասած՝ ձեզ է վերապահվել պետության և հասարակության համար կարևորագույն նշանակություն ունեցող մի խումբ գործերի քննությունը: Դա սկզբունքայնության և ազնվության մեծ ռեսուրս պահանջող առաքելություն է»:

«Որպես ինքնուրույն պետական մարմնի ներկայացուցիչներ՝ դուք չպետք է կաշկանդվեք վարույթով անցնող պաշտոնյաների անուններով կամ նրանց պաշտոնների անվանումներով: Դուք չպետք է կաշկանդվեք, եթե անգամ նրանց մեջ կլինեն ձեր գործընկերները: Դրանում պետք է համոզված լինեն հավասարապես բոլորը՝ պետական այրերից մինչև հասարակության յուրաքանչյուր անդամ: Հատուկ քննչական ծառայության ծանրակշիռ նվաճումների մասին մենք կարող ենք խոսել միայն այն ժամանակ, երբ հանրության շրջանում կամրապնդվի «բարձր պաշտոնն անձեռնմխելիության երաշխիք չէ» սկզբունքի գիտակցումը», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

«Հակակոռուպցիոն պայքարը մեզ համար ազգային անվտանգության հարց է, որին այլընտրանք պարզապես չկա: Մեր առաջնային խնդիրներից են շարունակում մնալ այս երևույթին արդյունավետ հակազդելն ու դրանում շոշափելի արդյունքներ արձանագրելը:
Վիճակագրությունը փաստում է, որ ձեր քննած գործերի գրեթե կեսը վերաբերում է կոռուպցիոն և պաշտոնական բնույթի հանցագործություններին: Ուստի, նման երևույթներին դիմակայելու ձեր քայլերը պետք է համաչափ լինեն դրանց բնույթին և տարածվածությանը», - շեշտել է նախագահը: - «Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ստանա շատ ավելի կոշտ, շատ ավելի խորքային և ժամանակին համահունչ դրսևորումներ: Եվ այս կապակցությամբ ձեր ծառայությունից ակնկալում ենք պատշաճ ջանասիրության ցուցաբերում»:

«Ձեր գործունեության առանցքային բաղադրիչներից է նաև խոշտանգումների դեպքերի քննությունը և բացահայտումը», - ասել է Սարգսյանը և շարունակել․ - «Նախորդ տարվա համեմատությամբ 2017 թվականի ընթացքում խոշտանգումների վերաբերյալ ձեր քննած գործերի քանակը պակասել է: Սակայն այդ փաստն ինքնին մեզ համար չի կարող հուսադրող լինել: Խոշտանգման դեպքերը մեծ մասամբ թաքնված բնույթ ունեն: Այդ հանգամանքը պարզապես պարտավորեցնում է մշակել և կիրառել դրանք ի հայտ բերելու նոր և արդյունավետ մեթոդներ: Կարծում եմ, որ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունն ու գործնական իրացումը մեզ թույլ կտան այս ասպարեզում զգալի հաջողություններ գրանցել և նվազագույնի հասցնել ռիսկերը»:

Անդրադառնալով ընտրություններին առնչվող քրեական գործերի քննություն իրականացնելու ՀՔԾ լիազորությանը՝ նախագահը հայտարարել է․ - «Մեր երկրում անցկացված համապետական վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ մենք կարող ենք հավուր պատշաճի կազմակերպել ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող գործընթացներ: Հատկանշական է, որ պետականաշինության առաջընթացով պայմանավորված՝ այս գործընթացում մեզ հաջողվեց համարժեքորեն արձագանքել ենթադրյալ իրավախախտումների մասին ցանկացած ահազանգի: Հատուկ քննչական ծառայության աշխատանքն այս ճակատում արդյունավետ եմ համարում: Դուք ցույց տվեցիք, որ պատրաստ և ունակ եք ժամանակին արձագանքելու անհատների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների յուրաքանչյուր մտահոգությանը: Դուք ոչ միայն արձագանքեցիք, այլև օրինական և տրամաբանական ավարտին հասցրեցիք քննվող քրեական գործերը»:

Այնուամենայնիվ, ըստ Սերժ Սարգսյանի, «չպետք է բավարարվենք այս ձեռքբերումով»․ - «Իշխանությունների նպատակն է անընդմեջ զարգացնել ընտրական գործընթացների ժողովրդավարական մեխանիզմները և մշտապես նվազեցնել ընտրախախտումների բոլոր հնարավոր ռիսկերը: Այստեղ Հատուկ քննչական ծառայությունը ևս պետք է իր մասնակցության ծանրակշիռ բաժինն ունենա»:

«Կարիք չկա առանձին խոսելու ձեր շարքերում կոռուպցիոն որևէ դրսևորման անթույլատրելիության, պատշաճ համագործակցության կարևորության կամ ազնիվ ու գրագետ կադրերով ծառայությունը համալրելու անհրաժեշտության մասին: Այս խնդիրների վերաբերյալ իմ հիմնական մոտեցումներն արդեն ներկայացրել եմ իրավապահ այլ մարմինների հետ հանդիպումների ժամանակ: Բնականաբար, նույն պահանջներն արդիական են նաև ձեզ համար, իսկ ձեր առաքելությամբ պայմանավորված՝ այդ պահանջները երբեմն կարող են անգամ ավելի խիստ լինել», - նշել է նախագահը:

«Մոտ ապագայում ձեզնից ակնկալում ենք պարբերական և հիմնավորված զեկույցներ արձանագրված առաջընթացի մասին: Դրա համար ունեք բոլոր հնարավորությունները. նկատի ունեմ ինչպես օրենսդրությամբ ձեզ վերապահված բավարար գործիքակազմը, այդպես էլ ձեր մասնագիտական որակները: Ավելորդ եմ համարում ընդգծել, որ անհրաժեշտության դեպքում դուք մշտապես կարող եք ակնկալել իմ աջակցությունը», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ ասել է Սերժ Սարգսյանը: