Վաշինգտոնը կարող է ճշգրտումներ անել Սիրիայի քրդերին զենքի մատակարարումներում

Քուրդ աշխարհազորայիններ Սիրիայում, արխիվ

Պենտագոնը առայժմ չի հաստատում թուրքական կողմի հայտարարությունները, թե դադարեցնելու է զենքի մատակարարումները Սիրիայի քրդերին: Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության խոսնակը երեկ ասել է, թե Վաշինգտոնը ընդամենը դիտարկում է այս հարցում ճշգրտումներ անելու հնարավորությունը, ընդգծելով՝ դրանք «պետք է բխեն ռազմական գործողություններից, որոնց նպատակն է պարտության մատնել «Իսլամական պետության»-ն ու թույլ չտալ, որ ահաբեկիչները վերադառնան»:

Անցած շաբաթավերջին, մինչդեռ, Անկարան հայտարարել էր, թե Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում խոստացել է դադարեցնել զինամթերքի մատակարարումները Սիրիայի քրդերին, որոնց Թուրքիան համարում է ահաբեկիչ ու սպառնալիք սեփական անվտանգությանը:

Պենտագոնի հայտարարությունից հետո՝ այսօր Թուրքիայի նախագահը խորհրդարանում հայտարարել է, թե պատրաստվում է հաջորդ շաբաթ ևս մեկ հեռախոսազրույց ունենալ Միացյալ Նահանգների նախագահի հետ: