Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 27-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայում խորհրդարանական մեծամասնություն կազմող իշխող քաղաքական ուժի՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատվիրակությանը, որի կազմում են նաև Պետական դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամներ:
ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, նախագահը հայ-ռուսական բազմակողմ գործընկերության կարևոր բաղկացուցիչ է համարել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Միասնական Ռուսաստան» կուսակցության միջև սերտ համագործակցությունը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ միջկուսակցական կապերը զգալի ներդրում են ունենում միջպետական և միջխորհրդարանական շփումների, երկու բարեկամ երկրների և ժողովուրդների հարաբերությունների զարգացման գործում: Նրանք գոհունակությամբ են խոսել նաև ՀՀԿ և «Միասնական Ռուսաստան» կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների միջև զարգացող համագործակցության մասին:
Պատվիրակությունը գլխավորող «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակը նշել է, որ Հայաստանում իրականացվող բավականին իմաստուն և կշռադատված քաղաքականությունն այսօր թույլ է տալիս առավելագույնս օգտագործել զարգացման այն ներուժը, որն ունի Հանրապետությունը:
Նա ընդգծել է, որ ՌԴ իշխող կուսակցությունը կողմ է հարաբերությունների և համագործակցության զարգացման «և՛, և՛»-ի, այլ ոչ թե «կա՛մ, կա՛մ»-ի քաղաքականությանը: Հայաստանն այդ համատեքստում է զարգացնում իր հարաբերությունները ՌԴ-ի և ԵՄ-ի հետ, ուստի, ըստ Սերգեյ Ժելեզնյակի, բոլոր այն տեսակետները, որոնք տարբերվում են վերոնշյալ դիրքորոշումից, չեն արտահայտում ՌԴ պաշտոնական և իշխող քաղաքական ուժի մոտեցումները: