Անկարան Վաշինգտոնին մեղադրում է «Թուրքիայի դեմ դավադրություն նյութելու» մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Անկարան վերստին պնդում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում դատարանի առաջ կանգնած՝ Թուրքիայի (իրանական ծագմամբ) քաղաքացի հանդիսացող առևտրականի գործը շինծու է, որի նպատակը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելն է:

Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները շրջանցած գործարար Ռեզա Զարաբին առնչվող քրեական գործը, ըստ պաշտոնական Անկարայի, Թուրքիայի դեմ դավադրություն է, որը չունի իրավական հիմքեր: «Զարաբի գործի միջոցով նրանք ցանկանում են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել, սակայն Թուրքիայի և Իրանի միջև առևտուրը համապատասխանում է թե՛ մեր, թե՛ միջազգային օրենսդրությանը»,- հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը թուրքական KANAL-24 հեռուստաընկերության հետ զրույցում:

«Ամերիկացիները ցանկանում են Զարաբից ցուցմունքներ կորզել Թուրքիայի [ղեկավարության] դեմ: Նրանք կարող են ասել Զարաբին` «կամ դու բանտում կփտես մինչև քո կյանքի վերջը, կամ էլ կստորագրես այն ամենի տակ, ինչ մենք քեզ կթելադրենք»,- նշել է Բոզդաղը: Ժամանակին ոսկու առևտրով զբաղվող, իսկ ներկայումս Միացյալ Նահանգներում նախնական կալանքի տակ գտնվող գործարար Ռեզա Զարաբն ու ևս ութ հոգի 2010-2015 թվականներին շրջանցել են Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները և անօրինական առևտուր ծավալել՝ Թեհրանին փոխանցելով միլիոնավոր դոլարներ:

Ամերիկյան իրավապահները պնդում են, որ Զարաբը Էրդողանի վարչապետության տարիներին խոշոր գործարքներ է իրականացրել մի խումբ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների՝ էկոնոմիկայի նախկին նախարար Մեհմեդ Զաֆեր Չաղլայանի և Թուրքիայի պետական «Հալք» բանկի կառավարիչ Սուլեյման Ասլանի օգնությամբ:

Ամերիկյան իրավապահների կողմից ձերբակալված Զարաբը, ինչպես նաև «Հալք» բանկի ղեկավարներից մեկը հերքում են բոլոր մեղադրանքները, իսկ թուրքական կառավարությունն էլ իր հերթին պնդում է, թե նրանք գործել են թուրքական և միջազգային օրենսդրության շրջանակներում:

Զարաբի դատական լսումները պետք է մեկնարկեին այսօր՝ նոյեմբերի 27-ին, սակայն անցած շաբաթ թուրքական և ամերիկյան մամուլը գրում էր, որ Զարաբի պաշտպանական կողմը վերջին մեկուկես ամսվա ընթացքում բանակցություններ է վարել ամերիկյան իրավապահների հետ, ու այժմ ենթադրվում է, որ ազատազրկված թուրք գործարարը համաձայնել է համագործակցել ամերիկացի իրավապահների հետ, ցուցմունքներ տալ, ինչը խիստ անհանգստացնում է թուրքական իշխանություններին: Մամուլը, մասնավորապես, գրում է, որ ցուցմունքները կարող են բացահայտել էրդողանի վարչակազմի որոշ մութ գործարքներ:

Թուրքիայի իշխանությունները, մինչդեռ, հայտարարում են, թե այդ գործի ետևում ևս ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենն ու նրա աջակիցներն են: «Բնականաբար՝ այդ հայտարարությունները ծիծաղելի են»,- անցած շաբաթ հայտարարում էր ԱՄՆ դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Քիմ Ջունը՝ շեշտելով, որ գործը քննվում է ոչ թե թուրք քաղաքական գործիչների, այլ ամերիկացի գործող քննիչների կողմից՝ բացառապես ամերիկյան օրենսդրության շրջանակներում: «Իսկ գործով քննիչները գյուլենիստներ չեն»,- հայտարարել է Ջունը:

Զարաբի գործը թուրք-ամերիկյան հարաբերությունների խնդրահարույց հարցերից ընդամենը մեկն է: Անկարան քննադատում է դաշնակից Վաշինգտոնին նաև Սիրիայում քրդերին աջակցելու համար: ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցների միջև դիվանագիտական ճգնաժամը սրվեց հատկապես անցած ամիս, երբ թուրքական իշխանությունները կալանավորեցին Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցին՝ անցած տարվա հուլիսյան հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող գյուլենական կառույցի վտարանդի առաջնորդի հետ առնչություն ունենալու մեղադրանքով:

Ի պատասխան, Վաշինգտոնը դիմեց աննախադեպ քայլի՝ դադարեցնելով վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին: ժամեր անց համարժեք որոշում կայացրեց նաև պաշտոնական Անկարան՝ դադարեցնելով անցագրերի տրամադրումը Միացյալ Նահանգների քաղաքացիներին: