Ձեռնարկատերերի շահերի պաշտպանության գծով Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Բորիս Տիտովն իր թեկնածությունը կառաջադրի 2018-ի մարտի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին որոշումը հանգստյան օրերին կայացրել է Տիտովի ղեկավարած «Աճի կուսակցության» դաշնային քաղաքական խորհուրդը:
Ավելի վաղ Ռուսաստանի բիզնես օմբուդսմենը չէր բացառել, որ ձեռնարկատերերի շահերի հանդես եկող այս կուսակցությունը առաջիկա ընտրություններում կարող է պաշտպանել Վլադիմիր Պուտինի թեկնածությունը:
Անցած շաբաթ ռուսական մամուլը գրել էր, որ Կրեմլը Պուտինի համար նոր մրցակից է փնտրում: Հավանական թեկնածուների շարքում էին և՛ Տիտովը, և՛ Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար, Պուտինի թիմակից և Մեդվեդևի թշնամին համարվող Ալեքսեյ Կուդրինը: Վերջինս, սակայն, նոյեմբերի 25-ին հերքեց այս լուրերը, ասաց, որ այսօր Պուտինի համար տնտեսության զարգացման նոր ռազմավարության շուրջ է աշխատում:
Ռուսական մամուլը վերջին շրջանում գրում էր նաև, որ Կուդրինն առաջիկայում նշանակվելու է վարչապետի պաշտոնում՝ Դմիրտրի Մեդվեդևի փոխարեն: Նախկին նախարարը այս լուրերը չի մեկնաբանել:
Ինքը՝ գործող նախագահ Պուտինը, ընտրություններին մասնակցելու մասին դեռ չի հայտարարել: Առաջադրման վերջնաժամկետը դեկտեմբերի 17-ն է, և ռուսաստանցի փորձագետները համարում են, որ Պուտինն այս ինտրիգը հնարավորինս երկար կպահի:
Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին արդեն իսկ հայտարարել են Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը, «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին, հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը, սկանդալային գործարար Սերգեյ Պոլոնսկին, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին:
Մասնակցելու մտադրություն է հայտնել նաև ընդդիմադիր գործիչ, հակակոռուպցիոն ակտիվիստ Ալեքսեյ Նավալնին, ով, սակայն, դատապարտված է պայմանական ազատազրկման և ռուսական օրենքների համաձայն այս ընտրություններին մասնակցելու իրավունք չունի: Այս հանգամանքը նրան չի խանգարում ակտիվ քարոզարշավ ծավալել Ռուսաստանի տարբեր մարզերում: Մասնավորապես, կիրակի օրը նա մեծ հավաք էր անցկացրել Չելյաբինսկում: