«Ելք»-ը մանրակրկիտ կհետևի Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի կատարմանը

Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, Բրյուսել, 24-ը նոյեմբերի, 2017թ․

Ընդդիմադիր «Ելք» դաշինքը հայտարարում է, որ պատրաստակամություն է ստանձնում մոնիթորինգ իրականացնել ու մանրակրկիտ հետևել Հայաստանի և Եվրամիության միջև երեկ ստորագրված համաձայնագրի կատարմանը։ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի փոխանցմամբ՝ հսկողության համար օգտվելու են օրենքով իրենց տրված բոլոր հնարավորություններից։

«Եվրոպական միությունը ցանկացած ծրագիր իրականացնելու համար նախապայմաններ է դրա հետ նաև ներկայացնում, և բնական է, որ պայմանագրի օգուտները մենք կարող ենք քաղել միայն խոստացված և ստանձնած պարտավորություններն ու բարեփոխումները իրականացնելու պարագայում: Մինչ օրս եղել են և՛ նորմալ բարեփոխումներ, և՛ իմիտացիաներ, որոնք մնացել են թղթի վրա: Եվ այսօր մենք՝ որպես խորհրդարանական ֆրակցիա, ընդդիմադիր ուժ, ամեն բան անելու ենք, որ այդ բարեփոխումները կյանքի կոչվեն», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Մարուքյանը՝ շարունակելով․ - «Մենք մեզ վրա պարտավորություն ենք ստանձնելու՝ մոնիթորինգ կատարել, իրականացնել՝ ստանձնած պարտավորությունների կատարման և նաև Եվրոպական միության կողմից պայմանագրի կատարման հետ կապված»:

Նա մանրամասնեց․ - «Մոնիթորինգը իրականացնելու ենք պառլամենտի մեր ունեցած հնարավորություններով և մեր լծակներով, այսինքն՝ ունենք 9 մանդատ խորհրդարանում, և համաձայնագրի վավերացումից հետո խորհրդարանը ունի հսկողական ֆունկցիաներ, և այդ հսկողական ֆունկցիաները մենք ամբողջությամբ կյանքի ենք կոչելու, հետևողական ենք լինելու, որ բոլոր մեխանիզմներով դրանք կյանքի կոչվեն և կատարվեն»:

Հիշեցնենք, տարիներ տևած բանակցություններից հետո երեկ Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: «Այս համաձայնագիրը սոսկ նոր իրավական փաստաթուղթ չէ, դրա հիմքում ընկած են ժողովրդավարության արմատավորման կարևոր դրույթներ», - ըստ նախագահականի հաղորդագրության՝ գագաթնաժողովում իր ելույթում մասնավորապես հայտարարել է Սերժ Սարգսյանը, հավելելով, որ այդ դրույթներն արդյունավետ կյանքի կոչելը կենսական կարևորություն ունի Հայաստանում հետագա բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու տեսանկյունից:

Ընդդիմադիր «Ելք»-ը, սակայն, բարեփոխումների հարցում փոքր-ինչ թերահավատ է: Էդմոն Մարուքյանի պնդմամբ՝ կա մի շեմ, որից այն կողմ իշխանությունները պարզապես չեն գնա: «Ընդհանուր կանոնը, կարծում եմ, հետևյալն է՝ իշխանությունները պատրաստ են անել այն բարեփոխումները, որոնք չեն սպառնում իրենց պաշտոններին կամ իշխանությանը: Որքանով որ այդ բարեփոխումները չեն սպառնա իշխանությանը, այդքանով էլ այդ բարեփոխումները կյանքի կկոչվեն և կիրականացվեն», - ասաց ընդդիմադիր պատգամավորը և շարունակեց․ - «Միանշանակ, բարեփոխումները ունեն այդ սահմանը, և իշխանությունները որևէ բարեփոխման չեն գնա, որը կարող է իշխանության կորստի [վտանգ պարունակել]: Օրինակ՝ Վանաձորի քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը տվել է Սահմանադրական դատարանը, սակայն Սահմանադրական դատարանի որոշումը չի կատարվում, և կառավարություն ենք դիմել՝ սպասում ենք պատասխանին: Հիմա, կառավարությունը այդ որոշումը որ կատարի, կարո՞ղ ենք համարել բարեփոխում՝ այո, կարող ենք համարել, բայց կկատարի թե ոչ՝ դա արդեն քաղաքական կամքից է կախված, ինչպես ես նշեցի, որ իշխանությունը որևէ տեղ չի ուզում զիջել որևէ բան»:

Համաձայնագիրն ամբողջությամբ համապատասխանում է հայաստանյան իշխանությունների որդեգրած բարեփոխումների ծրագրին, «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց երեկ Բրյուսելում գագաթնաժողովին մասնակցած հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ պատրաստ են կյանքի կոչել ստանձնած բոլոր պարտավորությունները։

«Համաձայնագրով կողմերը ստանձնում են պարտավորություններ, բնականաբար՝ ունեն նաև իրավունքներ, և Հայաստանի Հանրապետությունը հարգել և հարգում է իր ցանկացած միջազգային պայմանագիր: Վստահ եմ՝ այս դեպքում նույնպես մենք բավականին արդյունավետ կյանքի կկոչենք համաձայնագրով ամրագրված մեր պարտավորությունները՝ ակնկալելով նաև նման պարտավորություններ եվրոպական կողմից», - ասաց Աշոտյանը:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ պատմական այս համաձայնագիրը, Հայաստանի համար բավական հավակնոտ լինելուց բացի, յուրատեսակ կամուրջ է դառնում Եվրամիություն-Եվրասիական տնտեսական միություն հարաբերություններում։ «Չեմ ուզում շատ ամպագոռգոռ և բարձրագոչ հայտարարություններ անել, սակայն կարծում եմ, որ համագործակցության մշակույթի ներդրման տեսակետից, այո, Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև այս պահին առկա բացառիկ կամուրջը կարծեք թե մնում է, հենց դարձել է այս համաձայնագրով մեր հանրապետությունը», - նշեց Արմեն Աշոտյանը:

Համագործակցությունը խորացնելու և բարեփոխումները կյանքի կոչելու համար նախևառաջ պետք է, որ երեկ ստորագրված համաձայնագիրը վավերացվի։ Աշոտյանի փոխանցմամբ՝ այն առաջիկայում արդեն կհայտնվի Ազգային ժողովի օրակարգում, բայց թե երբ վերջնականապես իրավական ուժ կստանա՝ դժվարանում է ասել:

«Եվրոպական միության ընթացակարգերը ավելի բարդ են և պահանջում են, որպեսզի բոլոր 28 անդամ երկրները վավերացնեն այս համաձայնագրերը իրենց խորհրդարաններում, որից հետո համաձայնագիրը պետք է գա Եվրոպական խորհրդարան: Սա բավականին երկարատար բյուրոկրատական գործընթաց է՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դեպքում այն տևել է տարիից մինչև երկու տարի, և Հայաստանի պարագայում նույնպես այդ ժամանակը պահանջվելու է», - ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: