Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը արդեն մոտ ինը տասնամյակ պահում-պահպանում է մեր արվեստի և մշակույթի ամենահայտնի գործիչների արխիվները, իրերը, անձնական հավաքածուները: Հատկապես վերանորոգումից հետո բացելով իր դռները այցելուների առջև՝ թանգարանը ժամանակ առ ժամանակ նոր ուշագրավ ցուցադրություններ է ներկայացնում:
Հայաստանի անկախացումից հետո մարդիկ շատ ավելի հաճախ են թանգարանին հանձնում իրենց մոտ ունեցած՝ արվեստի ու մշակույթի մեր մեծերին առնչվող արխիվային նյութերը:
Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Այո, համալրումներ գրեթե ամեն օր ենք ստանում՝ ամբողջական արխիվի կամ մասնակի մասունքների տեսքով: Գնման մասին արդեն վերջին տասնամյակներին չեմ կարող խոսել, հիմնականում՝ նվիրատվությունների շնորհիվ, բայց եկեք տեսեք, որ վերջին տարիներին ավելի շատ է համալրվում ու ավելի շահեկան է համալրվում թանգարանը, քան խորհրդային լավագույն տասնամյակներում»: Պատճառը, ինչպես ընդգծեց նա, այն վստահության մթնոլորտն է, որ իրենք կարողացել են ձևավորել թանգարանի շուրջ․ - «Ամեն օր մենք զբաղված ենք, մեր հիմնական գործին զուգահեռ, մարդկանց շրջանակներում՝ Հայաստանում թե Սփյուռքում, բացատրական աշխատանքներով, և այն գիտակցությունն ենք սերմանում՝ և՛ մեր երևելիների ժառանգների, և բոլոր նրանց միջև, ովքեր ունեն ինչ-ինչ մասունքներ, որ դրանց վերջնական հանգրվանը Հայաստանն է, և Հայաստանում էլ մասնավորապես մեր թանգարաններ են՝ համապատասխան թանգարանները, ու, փառք Աստծու, այդ քարոզչական աշխատանքը լիուլի տալիս է իր արդյունքները»:
«Հիմա մենք նաև ակտիվ քայլեր ենք ձեռնարկել արտաբյուջետային միջոցներ հավաքագրելու առումով՝ այցելուների միջոցով կլինի՝ տոմսերի վաճառքը նկատի ունեմ, հուշանվերների պատրաստում և վաճառք, և այլն, և այլն: Այսինքն՝ եթե կարողանանք ունենալ տարեկան կտրվածքով որոշակի արտաբյուջետային միջոցներ, նաև դա հնարավորություն կտա բացի բուն կարիքները հոգալուց՝ թանգարանի և նրա մասնաճյուղերի, նաև մտածել գնման եղանակով ֆոնդերը համալրելու մասին», - նշեց Կարո Վարդանյանը:
Սկսած Սայաթ-Նովայից մինչև մեր օրերը հայ գրականության, թատերարվեստի, երաժշտարվեստի ու կինոարվեստի մեր նշանավոր գրեթե բոլոր արվեստագետներն ունեն իրենց բաժինները թանգարանում, և ցանկացած ոք կարող է ոչ միայն տեսնել, այլև աշխատել արխիվային նյութերի հետ:
Թանգարանում ներկայացված են ոչ միայն արվեստի ու մշակույթի հարյուրավոր անուններ, այլև հայ իրականության մեջ նշանակալի հետք թողած կրթական, գիտական, մշակութային, երաժշտական, թատերական հաստատություններին առնչվող մեծ քանակությամբ արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, նամակներ, ազդագրեր, հուշագրություններ, հնատիպ գրքեր, նվագարաններ, սպասք, կահույք, անձնական և բեմական հագուստ, զենքեր, կինոսարքավորումներ և այլն:
Տնօրենի խոսքով՝ իրենք նվիրատվություններ են ստանում թե՛ Սփյուռքից, թե՛ Հայաստանից, այսպիսով անընդմեջ համալրելով թանգարանի չափազանց մեծարժեք, գուցեև անգնահատելի ֆոնդերը:
«Մեր բոլոր գոյություն ունեցող կազմակերպություններն ու հիմնարկները գտնվում են անկախ Հայաստանում: Բայց ինչու եմ ես շեշտադրում մեր ձեռքբերումների մեջ ոչ թե շենքերի հիմնանորոգումը, ցուցադրությունների բացումը, և այլն, և այլն, ինչ որ մենք արել ենք, այլ, կրկնում եմ, այդ վստահության մթնոլորտի ձևավորումը: Մենք ունենք տասնյակ ու տասնյակ հիմնարկներ, և կուզենայի, որ բոլորը իրենց չափով այդ վստահության մթնոլորտը իրենց շուրջ ձևավորեն», - ասաց Կարոն Վարդանյանը:
«Պատկերացրեք, որ ունեք տասնյակ ու տասնյակ նվիրական մասունքներ՝ էդ քանի՞ անգամ է Ձեր մտքով անցել, էդպես, համարձակ էդ մասունքից հրաժարվեք, հանձնեք որևէ կազմակերպության: Ինչպիսի աշխատանք ու վստահություն, չէ՞, պիտի ներշնչի Ձեզ թանգարանի աշխատակիցը, որպեսզի գնաք այդ քայլին», - շեշտեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենը: