«Հայաստանն ունի այդ ուժը ասելու՝ հարգում ենք բոլորին, բայց մենք ունենք մեր ազգային շահը». Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորում է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագրի ստորագրումը։

Հովհաննիսյանն, ով նախքան գագաթնաժողովը, երեկ Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ուշ լինի, նուշ լինի։

«Ինչպես բոլորս գիտենք, Ասոցացման պայմանագիրը չորս տարի առաջ պետք է ստորագրված լիներ, բայց, ցավոք սրտի, մեր ինքնավստահության, մեր ինքնիշխանության պակասի, մեր սխալ կատարված ընտրությունների բերմամբ, միանգամից այդ պայմանագիրը դուրս եկավ օրակարգից։ Այսօրվա ժողովը թեև օրակարգով և բովանդակությամբ արձանագրությունից դուրս վիճակով է այսպես կայացել, գոնե իմ խոսքը կարող եմ ասել առ այն, որ շատ պետք չէ կենտրոնանալ, եղածը եղած է, Հայաստանը մեծ բան կորցրեց՝ չստորագրելով, բայց հիմա պետք է նկատի առնենք իրողությունները, իրողությունները, թե Հայաստանն ուր է, ով է և իր քաղաքակրթական անցյալն ու ապագան ինչ է ցուցանում», - ասաց Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստան-Թուրքիա երկվության արանքում, և որքան էլ այդ երկու պետություններն իրար գտնեն ռազմավարական առումով իրենց շահերով, այնքան վատ է Հայաստանի համար։

«Մենք բոլորս գիտենք այսօր Մոսկվա-Անկարա հարաբերությունների իմաստը։ Կարծում եմ, որ մեզնից բացի եվրոպացիները հասկացան, թե միայն բոբոն, միայն չարի բևեռը Ռուսաստանը չէ, այլ կան այլ ուժեր, որոնք համահունչ չեն եվրոպական արժեքների հետ։ Հարցն այն է, արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը ռուսական և թուրքական կայսրությունների՝ ժողովրդավարության հեռանկար գոնե մոտ ապագայում չունեցող պետությունների արանքում, ունի ժողովրդավարական հեռանկար։ Ինքն ունի այդ ուժը, ունի այդ պոտենցիալը, այդ քաղաքական իրավիճակում ասել, որ մենք հարգում ենք բոլորին, բայց մենք ունենք մեր ազգային շահը, մեր ժողովրդավարությունը և մեր Սահմանադրությունը։ Սա հարց է Եվրոպայի համար նույնպես, թե Եվրոպան պատրա՞ստ է դուրս գալ միակողմանի հակառուսականությունից՝ կարծես թե բնազդային և հասկանալ, որ Արևելյան գործընկերությունը տարբեր պետություններից բաղկացած կոնգլոմերատ է և Հայաստանը դրանցից մեկն է», - ասաց Հովհաննիսյանը։