Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը, հնարավոր է, սկսել է համագործակցել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետ, ով հետաքննում է Ռուսաստանի հնարավոր միջամտությունը ամերիկյան ընտրություններին: Այս մասին գրում է The New York Times-ը՝ հայտնելով, որ Ֆլինի փաստաբանները դադարել են Մյուլերի հետաքննության մանրամասները ներկայացնել նախագահ Թրամփի փաստաբաններին:
Ավելի վաղ նրանց միջև տեղեկատվության փոխանակման մասին պայմանագիր կար:
Մայքլ Ֆլինը Դոնալդ Թրամփի խորհրդականի պաշտոնում աշխատել է ընդամենը 24 օր և հրաժարական է տվել, երբ հայտնի է դարձել, որ սուտ վկայություններ է տվել ռուսաստանցի դիվանագետների հետ իր շփումների վերաբերյալ:
Թրամփի նախընտրական շտաբի ու Ռուսաստանի ներկայացուցիչների միջև հնարավոր կապերի և ամերիկյան ընտրություններին Մոսկվայի հնարավոր միջամտության շուրջ հետաքննությամբ զբաղվում են ԱՄՆ Կոնգրեսի հատուկ հանձնաժողովը, Հետաքննությունների դաշնային բյուրոն և հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը: Ամերիկյան հատուկ ծառայությունները համոզված են, որ ռուսաստանյան իշխանություններն են կանգնած Դեմոկրատական կուսակցության և այդ կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական թիմի կայքերի վրա հաքերային հարձակումների ետևում՝ նպատակ ունենալով ազդել ընտրությունների ընթացքի վրա: Մոսկվան կտրականապես հերքում է այդ մեղադրանքները: