Սերժ Սարգսյան. Հայաստանցին ժամանակի ընթացքում կզգա համաձայնագրի արդյունքները

Եվրամիության ու Արևելյան գործընկերության վեց երկրների առաջնորդներն այսօր՝ նոյեմբերի 24-ին կհանդիպեն Բրյուսելում՝ նպատակ ունենալով առավել խորացնել կապերը Միության և նախկին խորհրդային հանրապետությունների միջև:

Արևելյան գործընկերության գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունը թերևս Հայաստանի հետ կնքվող Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրն է:

Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Գագաթնաժողովից հետո նախագահը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին։

«Ազատություն»․ - Հայաստանի համար որքա՞ն կարևոր է Եվրամիության հետ ստորագրվելիք համաձայնագիրը:

Սերժ Սարգսյան․ - Իհարկե, շատ կարևոր է, եթե կարևոր չլիներ, մենք չէինք ստորագրի: Շատ կարևոր է: Բայց ես մեկ այլ բանի համար էլ եմ ուրախ: Նախ, այստեղ խոսք գնաց այն մասին, որ մենք որոշակի ժամանակ ենք կորցրել և այլն, բայց Եվրամիության խորհրդի նախագահի, խորհրդարանի նախագահի և հանձնաժողովի նախագահի ներկայությամբ ես ասացի, որ այն ժամանակ Հայաստանը չի հրաժարվել ստորագրելուց, այլ՝ Եվրամիությունը: Ես խնդրում եմ, որպեսզի «Ազատություն»-ը գոնե էս փաստը չխեղաթյուրի, կարելի՞ է:

«Ազատություն». - Կարելի է: Պարոն նախագահ, շարքային հայաստանցին ի՞նչ է ստանալու այս համաձայնագրից։

Սերժ Սարգսյան. - Վաղը չէ մյուս օրը, երևի թե՝ ոչինչ, անմիջապես իր վրա չի զգա, բայց ժամանակի ընթացքում կզգա, որովհետև մենք բարեփոխումները ի վիճակի ենք արագ անցկացնել Եվրամիության աջակցությամբ։ Ինքներս հեծանիվ հնարելու ունակությունը չունենք և ոչ էլ ցանկությունը, կան բացարձակ ճշմարտություններ, և այդ ճշմարտություններով մենք պետք է ղեկավարվենք։ Բայց ընթացքում բացի ներքին ազատություններից, Հայաստանի քաղաքացիները հնարավորություն են ունենալու առանց խոչընդոտի ուղևորվել դեպի Բրյուսել, դեպի Փարիզ, դեպի եվրոպական այլ երկրներ, և կարծում եմ, որ արդեն ԵԺԿ-ի այսօրվա հայտարարության մեջ այդ հստակ ձևակերպումը կար, տեսնենք՝ վաղը գագաթնաժողովի ժամանակ ինչպիսին կլինի։

«Ազատություն». - Պարոն նախագահ, ևս մեկ հարց՝ տարածաշրջանի անվտանգության հետ կապված, այս համաձայնագիրը կնպաստի՞ նաև Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, սա անվտանգության ապահովման այլընտրանքային մի ուղղությո՞ւն է։

Սերժ Սարգսյան. - Գիտե՞ք, այստեղ այլընտրանքային բառը ճիշտ չի, բայց՝ իհարկե, նաև հատկապես այն դեպքում, երբ որ մեր անվտանգությանը սպառնացող հիմնական մարտահրավերների պարագայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահները և հատկապես Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը համակարծիք են, և սա այն եզակի տեղերից է, որտեղ նրանք ամբողջովին համագործակցում են, ինչպես նրանք են հայտարարում։ Սա, իհարկե, մեզ համար ձեռքբերում է։

«Ազատություն». - Դուք վերջերս եք եղել Ռուսաստանում, հանդիպել եք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որևէ առարկություն, որևէ վերապահում եղե՞լ է այս համաձայնագրի հետ կապված։

Սերժ Սարգսյան. - Ես նոր ժողովի ժամանակ նաև դա ասացի՝ արդեն շուտով տասը տարի կլինի, որ նախագահ եմ, դրանից առաջ տարբեր պաշտոններում, ես երբեք կես բառ անգամ չեմ լսել Ռուսաստանի որևէ ղեկավարից, հատկապես նախագահ Պուտինից, որը իր մեջ կշտամբանք պարունակի Եվրամիության հետ մեր համագործակցելու առումով։

Դա տարածում են այն մարդիկ, ովքեր պատրաստ են ուրիշների ասածները լսելու, ովքեր պատրաստ են ոչ-ինքնուրույն լինելու և ոչ-անկախ լինելու:

Բոլորիս համար պարզ է, չէ՞, որ անկախությունը բացարձակ չի կարող լինել: Այո, և մենք տարածաշրջանում ենք և Հայաստանում ենք, որպեսզի պահպանենք Հայաստանի շահերը:

«Ազատություն». - Եվ վերջին հարցը․ պարոն նախագահ, 2018-ից հետո ինչպե՞ս եք Դուք պատկերացնում, որտե՞ղ եք լինելու՝ մնալու եք ղեկավա՞ր Հայաստանի։

Սերժ Սարգսյան. - Եթե ես պատկերացնեի, վաղուց արդեն հայտարարած կլինեի։ Այ երբ որ պատկերացնեմ, այն ժամանակ կհայտարարեմ։