Միացյալ Նահանգներում մահացել է Ջորջ Ավագյանը` ամերիկյան ջազի ամենահայտնի պրոդյուսերներից մեկը։
Նա մահացել է չորեքշաբթի առավոտյան Նյու Յորքում` Մանհեթենի իր տանը, «Ասոշիեյթիդ Փրես»-ին հայտնել է նրա դուստրը՝ Անահիտ Ավագյան-Գրեգը։
Լուիս Արմսթրոնգի տուն-թանգարանն իր արձագանքում Ավագյանի մասին գրում է. - «Իսկապես լեգենդների լեգենդ»։
Նա աշխատել է այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Դյուք Էլինգթոնը, Դեյվ Բրուբեքը, ջազի արքաներ Լուիս Արմսթրոնգը, Մայլս Դեյվիսը, Բեն Գուդմենը։ Ջորջ Ավագյանն իրականացրել է թերևս նրանց ամենահայտնի ձայնագրությունները, թողարկել հիթ-սկավառակներ։
Ջորջ Ավագյանն աշխարհում առաջինն է թողարկել ամենաերկար նվագող ձայնասկավառակը։ Նա նաև առաջինն է իրականացրել կենդանի համերգի ձայնագրությունը սկավառակի համար, դա «Քարնեգի Հոլ»-ում Բեն Գուդմենի համերգն էր։ Նա վեց սկավառակներով հրապարակել է «Չիկագո» ջազի հավաքածուն։
Ավագյանը եղել է Լուիս Արմսթրոնգի երկու ալբոմի պրոդյուսերը։ Նա զբաղվել է նաև ջազի ուսումնասիրությամբ, Կոլմուբիայի համալսարանում ջազի պատմություն է դասավանդել։
Ջորջ Ավագյանը երկար կյանք ապրեց, նա մահացավ 98 տարեկանում։ Նա ծնվել է 1919 թվականին՝ Ռուսաստանի հարավում՝ Արմավիր քաղաքում, որտեղ շատ հայեր են ապրում։ Սակայն բոլշևիկյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում սկսված քաղաքացիական պատերազմի քաոսի պատճառով Ավագյանների ընտանիքն արտագաղթում է սկզբում Թբիլիսի, իսկ այնուհետև՝ Միացյալ Նահանգներ, հաստատվում Նյու Յորքում։
Նա սովորել է Յեյլի համալսարանում, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ծառայել է Ֆիլիպիններում, պատերազմի ավարտից՝ 1946-ից սկսել է աշխատել Columbia Records ընկերությունում։
Նա օգնել է Մայլս Դեյվիսին և Դեյվ Բրուբեքին դառնալու համաշխարհային աստղեր։ 50-ականների կեսերին Columbia Records-ին է միանում նաև Լուիս Արմսթրոնգը։
1960-ականներից նա դարձել է Warner Bros ընկերության երաժշտական մասի տնօրենը, իսկ հետո հիմնել է նաև սեփական ընկերությունը՝ Avagyan & CO:
Ջորջ Ավագյանը «Գրեմիի» մրցանակակիր է։ «Գրեմիի» մրցանակը նա ստացել է 1997 թվականին՝ Մայլս Դեյվիսի ալբոմի համահեղինակ լինելու համար։ Նրա անունն ընդգրկված է ջազի փառքի անունների ցանկում։
Նա ամերիկյան ձայնագրային արվեստի և գիտության ազգային ակադեմիայի հիմնադիրներից մեկն է։ Այս ակադեմիան է ներկայացնում «Գրեմիի» մրցանակները։
Ջորջ Ավագյանը երկարատև աշխատանքի ընթացքում արժանացել է ամերիկյան և միջազգային մրցանակների: Նա ստացել է Արվեստների և գրականության Ֆրանսիայի շքանշանը և նույնիսկ Խորհրդային Միության բարձրագույն պագևներից մեկը՝ Լենինի շքանշանը:
Ջազի և ընդհանրապես երաժշտության աշխարհում ու մասնավորապես սկավառակների և ձայնագրության ասպարեզում Ջորջ Ավագյանը համարվել է մոլորակի ամենահեղինակավոր մասնագետներից մեկը: