«Շիրակ» մրցանակ՝ «Հրանտ Դինք» հիմնարկին․ մրցանակը Ռաքել Դինքին հանձնել է Էմանյուել Մակրոնը

Ռաքել Դինք, արխիվ

«Շիրակ» հիմնադրամը «Հրանտ Դինք» հիմնադրամին շնորհել է 2017 թվականի Հակամարտությունների կանխարգելման «Շիրակ» մրցանակը: Հեղինակավոր մրցանակը «Հրանտ Դինք» հիմնադրամի նախագահ Ռաքել Դինքին հանձնել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

Մրցանակի շնորհման արարողությանը ներկա էին ընտրող հանձնաժողովի անդամները, միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ և մարդու իրավունքների հեղինակավոր պաշտպաններ:

Մրցանակի շնորհման իններորդ տարում մրցանակակիրների անունները հայտարարվել են «Շիրակ» հիմնադրամի ընտրող հանձնաժողովի հանդիպումից հետո՝ սեպտեմբերի 27-ին:

«Շիրակ» հիմնադրամի մեկ այլ՝ «Մշակույթ հանուն խաղաղության» մրցանակը շնորհվել է «Զուկակ» թատերական ընկերությանը, որը թատրոնի միջոցով նպաստում է Լիբանանի ճամբարներում ապրող փախստականների վերականգնողական ջանքերին:

«Շիրակ» հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականին Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի կողմից՝ նպատակ ունենալով «աջակցել հակամարտությունների կանխարգելմանը, մշակութային երկխոսության հաստատմանը և առողջապահության որակի բարելավմանն ուղղված ջանքերին»: