Եղնուկյանը կրկին չմասնակցեց դատավարությանը

Կարող եղնուկյանը դատակլան նիստերից մեկի ժամանակ, արխիվ

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» զինված խմբից 11 անդամների գործով դատավարությունը։

Խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանն այսօր կրկին չկարողացավ ներկա գտնվել դատական նիստին:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ Եղնուկյանի վիճակը կտրուկ վատացել է, նրան հետազոտել են շտապօգնության բժիշկները ու եզրակացրել՝ 190/100 զարկերակային ճնշմամբ ամբաստանյալը չի կարող դատարան գալ։

«Շտապ բժշկական օգնության խմբի բժիշկ Դանիելյանն ամրագրել է, որ Կարող Եղնուկյանը հրաժարվել է բուժօգնությունից, դեղորայք ընդունելուց և նրա ներկայիս առողջական վիճակը թույլ չի տալիս, որպեսզի նա մասնակցի այսօրվա դատական նիստին», - հայտարարեց դատավորը։

Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց, որ այս և հետագա նիստերին գործի քննությունը շարունակվի առանց Եղնուկյանին դատարան բերելու փորձ անելու։ Բայց Արտուշ Գաբրիելյանը չշտապեց քննել միջնորդությունը նշելով՝ առաջ ընկնել պետք չէ, միգուցե հետագայում Եղնուկյանի առողջությունը թույլ տա դատարան գալ։

Պաշտպաններից Մուշեղ Շուշանյանն էլ դատարանից խնդրեց միջոցներ ձեռնարկել, որ դատապարտյալների հիվանդանոցում պահվող «Սասնա ծռերի» անդամներին այլևս դատարան չբերեն նեղ «Գազել»-ով։

Ամբաստանյալ Արմեն Լամբարյանը միացավ այս միջնորդությանը. - «Ամեն անձի համար առանձին խցեր են, որոնց դռները փակվում են և փակված վիճակում ոչ միայն շարժվելու ազատ տարածություն չի մնում, այլ ընդհանրապես ոնց որ պռես արած վիճակում գտնվենք»։

«Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Վարդգես Գևորգյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդեց գրավի դիմաց ազատ արձակել Գևորգյանին: Դատավորը, սակայն, մերժեց պաշտպանի միջնորդությունը, իսկ ինքը՝ Գևորգյանը հայտարարեց՝ ընդունում է, որ կատարել է ապստամբություն, իրեն համարում է ռազմագերի և խնդրում է դատարանից այլևս ամբաստանյալով իրեն չդիմել։

«Այստեղ իմ ասելիքը չի, օրենքն է պահանջում, օրենքի բառ է դա, որը որ պետք է դատաքննության ժամանակ հնչի, մի նեղացեք», - արձագանքեց դատավորը։

Իրեն ռազմագերի անվանելու հարցով դատարանին դիմեց նաև ամբաստանյալ Արմեն Լամբարյանը։ Արտուշ Գաբրիելյանն էլ թե. - «Վե՛րջ Լամբարյան, վե՛րջ, չորս ամիս է չէիր խոսում, ի՞նչ ես սկսել հիմա խոսել»։

Մանվել Աթոյանն էլ, ով ըստ մեղադրանքի, փորձել է միանալ զինված խմբին, սակայն հանցագործությունը ավարտին չի հասցրել, դատարանին միջնորդեց իր գործն անջատել ու քննել առանձին վարույթում։ Աթոյանը հայտարարեց՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ չէ, և անգամ չգիտի որտեղ է գտնվում ՊՊԾ գունդը:

«Դատավարությունը երկար է ձգվելու, ես չեմ ուզում։ Իմ գործը շատ արագ մի քանի դատով վերջանալու է, քանի որ իմ անմեղություն ակնհայտ է», - ասաց Աթոյանը։

Պաշտպանական կողմը միացավ Աթոյանի միջնորդությանը: Փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց՝ գործի անջատումը բխում է արդար դատաքննության իրավունքից։ Պաշտպաններից Արայիկ Պապիկյանն էլ նշեց՝ հիմքերն առկա են, և դատարանը պետք է պահպանի ողջամիտ ժամկետներում գործը քննելու հարցը։

Ու երբ պաշտպանական և մեղադրող կողմերը փաստարկներն էին ներկայացնում Աթոյանի միջնորդության կապակցությամբ, ամբաստանյալ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը տեղից ասաց. - «Ես ձանձրանում եմ, կարամ գնա նկարելու»։

Դատարանը մերժեց Աթոյանի միջնորդությունը։ Հաջորդ դատական նիստը նոյեմբերի 30-ին է։

Հիշեցնեմ՝ «Սասնա ծռեր» զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Նրանց սպանության մեջ մեղադրվում են խմբի անդամներից 2-ը։