Հայաստանի մարզերում կարկտահարությունից, ցրտահարությունից, սելավներից տուժած համայնքների բնակիչներին աջակցելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն իր պահուստային ֆոնդից գումար է հատկացնում:
Այսօրվա նիստում կառավարության ընդունած որոշման համաձայն՝ գումար կհատկացվի տուժած համայնքների հողօգտագործողների վնասված տարածքների 2017 թվականի հողի հարկի և օգտագործված ոռոգման ջրի դիմաց ունեցած պարտավորությունների մարման նպատակով:
Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ այս տարվա համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով:
Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում, որով առաջարկվում է 12 միլիոն դրամ տրամադրել Լոռու մարզի գյուղերում 4 ընտանիքի և 32 միլիոն 324 հազար դրամ՝ Շիրակի մարզի գյուղերի 8 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծման համար: