Փորձագետների կարծիքով՝ վաղը Բրյուսելում ստորագրվելիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում ղարաբաղյան խնդրին առնչվող ոչ հայանպաստ ձևակերպումներ չեն լինի:
«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը շեշտում է՝ եթե նույնիսկ այդ փաստաթղթում ամրագրվի միայն տարածքային ամբողջականության սկզբունքը՝ բաց թողնելով հայկական կողմի համար կարևորագույն՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը, միևնույն է, փաստաթղթի այդ մասը Հայաստանի նախագահը կարող է ստորագրել վերապահումներով:
Ըստ վերլուծաբանի, կարևորը Հայաստան-Եվրամիություն համագործակցության համաձայնագիրն է, որտեղ ղարաբաղյան խնդրին վերաբերող հատվածը միանգամայն բխում է հայկական կողմի շահերից, ընդ որում, ի տարբերություն հռչակագրի, Հայաստան-Եվրամիություն ստորագրվելիք համաձայնագիրը պարտադիր ուժ կունենա:
«Պայմանագրում՝ Եվրամիություն - Հայաստան, նվիրված է Ղարաբաղի հարցին, կամ կոնֆլիկտների լուծման հարցին, ոչ մի մտահոգություն մենք չունենք։ Պրեամբուլայում հստակ ասված է, որ խաղաղ ճանապարհով պետք է կոնֆլիկտը լուծվի՝ հիմնվելով ինքնորոշման սկզբունքի վրա, նաև տարածքային ամբողջականության, բացի դրանից, որ Մինսկի խումբն է գլխավոր ձևաչափը: Դա նշանակում է, որ պայմանագրում Ղարաբաղի հետ կապված խնդիր չկա, ու դա ավտոմատ պետք է արտահայտվի նաև հռչակագրում։ Հռչակագիրը չի կարող Ղարաբաղի հարցով այլ կարծիք արտահայտել, այն կարծիքից, որը կա պայմանագրում, որը պետք է նույն օրը ստորագրի Եվրամիությունը Հայաստանի հետ։ Ստեղ մենակ դիվանագիտական աշխատանք պետք է հասցնես կատարել՝ բացատրելու համար։ Դուք գիտեք, հիմա տենդենց կա աշխարհում, նաև Եվրոպայում՝ Կատալոնիայի դեպքերից հետո, որ նաև Եվրոպական երկրներն ուզում են տարածքային ամբողջականությանն ավելի մեծ տեղ տալ, դա ուղղված չի մեր դեմ։ Ստեղ պետք է միայն հռչակագրում տարանջատես Ղարաբաղի հարցն այլ խնդիրներից: Վրաստանն ու Ուկրաինան ուզում են շեշտը դնել տարածքային ամբողջականության վրա: Դա իրենց իրավունքն է, բայց թող խոսեն Ղրիմի, Աբխազիայի, Հարավային Օսիայի մասին», - ասաց Գրիգորյանը։
Հարցին, թե արդյո՞ք այդ խնդիրն արդեն կարգավորված է, վերլուծաբանը պատասխանեց. - «Իմ տվյալներով՝ այո՛, Հայաստանը տանում է այնտեղ աշխատանքը: Բայց նույնիսկ, եթե ինչ-որ ձևակերպումների մեջ, ինչ-որ բան մեզ դուր չգա, մեր նախագահն իրավունք ունի ստորագրել հռչակագիրը վերապահումով, դա ավտոմատ նշանակում է, որ այդ մասը չի աշխատում»։
Փորձագետը շեշտում է՝ վաղը ստորագրվելիք Հայաստան - Եվրամիություն համաձայնագիրը շատ կարևոր է Հայաստանի համար ոչ միայն այն առումով, որ Հայաստանը լուրջ տնտեսական և քաղաքական օգուտներ կքաղի, այլև Եվրամիության հետ համագործակցության այդ փաստաթղթով կֆիքսվեն ղարաբաղյան խնդրի կարգավորման կարևորագույն սկզբունքները՝ հիմք հանդիսանալով հետագայում ստորագրվելիք այլ փաստաթղթերի համար․ - «Պատկերացրեք, որ մի տարուց հետո Ադրբեջանը Եվրամիության հետ ստորագրում է նույնատիպ ինչ-որ պայմանագիր: Դուք գիտեք, այդ աշխատանքը գնում է, մյուս տարի իրենք պլանավորում են ստորագրել: Ու այնտեղ էլ կլինի Ղարաբաղին վերաբերող հարց․․․ և ավտոմատ նույնությամբ կարտացոլվի, ուրիշ տարբերակ չկա: Ուրեմն մեզ պետք է ստորագրել պայմանագիրը: Հույս ունեմ, որ իրոք վաղը մենք կստորագրենք համաձայնագիրը»:
Այն, որ վաղը Հայաստանն ու Եվրամիությունը կստորագրեն համագործակցության փաստաթուղթը, կասկած չունի նաև փորձագետ Հովհաննես Իգիթյանը: Նրա համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունները, ամիսներ առաջ նախաստորագրելով այդ փաստաղթուղթը, այն ուղղակիորեն համաձայնեցրել են Ռուսաստանի հետ․ - «Նաև պետք է ասեիք՝ արդյո՞ք Ռուսաստանը մեզ թույլ կտա դա ստորագրել: Որովհետև մենք չպետք է մոռանանք, որ ի վերջո Ռուսաստանն է արգելել անցյալ անգամ: Իմ կարծիքով, բոլոր այն խնդիրները շրջանցվել են կամ հանվել են, և նույնիսկ Եվրամիության մեր գործընկերները, հասկանալով, որ Հայաստանն այդքան ուժեղ երկիր չէ, որ դիմակայի Ռուսաստանի ճնշումներին․․․ Մի խոսքով, այնտեղ այս կամ այն ձևով նշված է, որ Հայաստանը իր պարտավորությունները այլ, հատկապես անուղղակի ձևով գրված է՝ ԵԱՏՄ-ի հետ կապված, կարող է շարունակել»:
Փորձագետները արձանագրում են, որ եթե իսկապես Հայաստան - Եվրամիություն համաձայնագիրը կյանքի կոչվի, ապա երկրում արմտական փոփոխություններ տեղի կունենան՝ էապես փոխելով նաև քաղաքացու կյանքը:
Ստեփան Գրգիգորյանը մատնանշում է մարդու իրավունքներին վերաբերող դրույթները, դատաիրավական համակարգի անկախության, կոռոպցիայի դեմ պայքարի, փոքր և միջին բիզնեսի աջակցության, այլընտրանքային էներգետիկ աղղբուրների ստեղծման, տուրիզիմի զարգացման, անգամ մարզերում ժամանակին փակված մի շարք գործարանների վերագործարկմանը վերաբերող կետերը․ - «Թղթի վրա գրածը միանշանակ ի օգուտ մեր ժողովրդի է, կոնկրետ քաղաքացու․ բայց պետք է աշխատացնես: Ու ստեղ և՛ իշխանության պարտավորության մասը կա, և՛ քաղաքացիական հասարակության: Դուք գիտե՞ք, որ երեք հոդվածներ այդ պայմանագրում նվիրված են քաղաքացիական հասարակության իրավունքներին: Քաղաքացիական հասարակությունը ոչ միայն իրավունք ունի մոնիտորինգ անելու, ստուգելու՝ աշխատո՞ւմ է մեր կառավարությունը Եվրամիության հետ էֆեկտիվ: Ոչ միայն դա մենք կարող ենք ստուգել: Մենք կարող ենք մասնակցել որոշման ընդունման պահին: Դա շատ կարևոր հնարավորություններն են, բայց ստեղ է նաև, որ պետք է մենք ակտիվ լինենք՝ հասարակությունը, նաև ԶԼՄ-ները»:
Հովհաննես Իգիթյանը, ով իբրև փորձագետ մասնակցել է 2013-ին չստորագրված Խորը և համապարփակ ասոցացման համաձայնագրի բանակցություններին, շեշտում է, որ անգամ այս նոր փաստաթուղթը անսպառ է հնարավորություն է ընձեռում Հայաստանին․ - «Ոչ միայն Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն, թե 2018 թվականի ապրիլից հետո ով է լինելու, ինչ թիմով և ով ինչ պաշտոն է ստանալու, այլ պետք է մտածեն, այդ հնարավորությունը ընդ որում մինչև վավերացումը նույնիսկ կարելի է էսօր օգտագործել, Հայաստանին չեն պատժել, չեն վերցրել մեզնից GSP+-ը (տրամադրվող արտոնությունների համակարգը) 2013 թվականին չստորագրելու համար: Հակառակը՝ ընդլայնել են թե՛ քվոտաներով, թե՛ ապրանքների տեսակների քանակով»: