Մոտ մեկ ժամ առաջ երկրի ոստիկանության և պետանվտանգության ծառայության կազմում գործող հատուկ նշանակության ջոկատների մատիկները սկսեցին լքել կատաղի փոխհրաձգությունների թատերաբեմ դարձած բնակելի թաղամասը:
Հատուկ ծառայությունները պնդում էին, որ Թբիլիսիի հարավում գտնվող և առավելապես բազմահարկ շենքերով կառուցապատված Իսանիի շրջանում դիրքավորված զինված խմբի անդամները պատկանում են ահաբեկչական կազմակերպություններից մեկին: Հարևանների պնդմամբ, բնակարանը, որը ժամեր շարունակ փորձում էին գրոհով վերցնել իրավապահները, չեչեններ էին վարձակալում:
Գործողության մասին առաջին պաշտոնական տեղեկությունները վաղ առավոտյան հրապարակեց Վրաստանի պետանվտանգության ծառայության մամուլի խոսնակ Նինո Գիորգոբիանին:
«Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական դեպարտամենտը հատուկ գործողություն է իրականացնում Թբիլիսիի Գաբրիել Սոլոսիի փողոցում: Գործողության թիրախ հանդիսացող անձինք կրակ են բացել հատուկջոկատայինների ուղղությամբ: Նախնական տեղեկությունների համաձայն, այդ մարդիկ Վրաստանի քաղաքացիներ չեն և ահաբեկչական կազմակերպություններից մեկի անդամներ են»:
Ողջ օրվա ընթացքում Իսանիում դիրքավորված զինված խմբի անդամները շարունակում էին կատաղի դիմադրություն ցուցաբերել: Նրանց վնասազերծումը հնարավոր դարձավ առնվազն երկու գրոհների ինչպես նաև մի շարք զինատեսակների` այդ թվում զրահամեքենայի և նռնականետերի կիրառումից հետո միայն:
Գործողության ընթացքում Գաբրիել Սոլոսի, 156 հասցեում գտնվող շենքի առնվազն երկու բնակարաններ ամբողջությամբ այրվել են:
Զինված խմբի անդամների ճակատագրի մասին տեղեկոթյուններն այս պահին հակասական են: Imedi հեռուստաընկերության տվյալներով, զինյալներից մեկը ձերբակալվել է, ևս երկուսը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Rustavi 2 հեռուստաընկերության եթերում հեռարձակված կադրերում հստակ երևում է, որ շենքի բակում սպանված տղամարդու դիակ կա: Հեռուստաընկերության պնդմամբ, դա ահաբեկիչներից մեկն էր:
Գրեթե մեկ օր շարունակված գործողության ընթացքում հատուկջոկատայինները ևս կորուստներ են կրել: Պաշտոնական աղբյուրները հաստատում ենն, որ ահաբեկիչների հետ փոխհրաձգության ընթացքում վիրավորվել էր հատուկ ջոկատի մարտիկներից մեկը: Երեկոյան հայտնի դարձավ, որ հատուկջոկատայինը առանց գիտակցության գալու մահացել է:
Վրաստանի հատուկ ծառայությունները առայժմ չեն բացահայտում սպանված ոստիկանի ինքնությունը, հայտնի է միայն, որ նա 41 տարեկան էր:
Ինչ վերաբերում է ահաբեկիչներին, ապա վրացական լրատվամիջոցները, իրավապահ մարմիններում իրենց աղբյուրները վկայակոչելով, հիմնականում «չեչենական հետքն են» մատնանշում: Թբիլիսյան «Կվիրիս Պալիտրա» թերթի պնդմամբ, ահաբեկիչները «Իսլամական պետություն» խմբավորմանն անդամակցած չեչեններ են:
«Վրաստանի տարածքում այդ մարդիկ գտնվում էին առանց օրինական փաստաթղթերի», -պնդում է թերթը:
Ռուսաստանյան «Ինտերֆաքսի» տեղեկություններով, իրավապահներին հաջողվել է պարզել ահաբեկիչների վարձակալած բնակարանի սեփականատիրոջ ինքնությունը: Գործակալության պնդմամբ, բնակարանը պատկանում է առավելապես չեչեններով բնակեցված Պանկիսի կիրճում գտնվող Դուիսի գյուղի բնակիչ Ասլան Ջաբրաիլովին:
«Մի քանի ամիս առաջ Ջաբրաիլովը բնակարանը վարձակալությամբ հանձնել էր օտարերկրացիների մի ընտանիքի: Հարևանների պնդմամբ, այդ բնակարանում մի տղամարդ էր բնակվում՝ իր երկու որդիների հետ», - գրում է «Ինտերֆաքսը»: