Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր մասամբ բավարարելով «Վեոլիա Ջուր» ընկերության հայտը, 1 խմ մետրի արժեքը ներկայումս գործող 180 դրամի փոխարեն սահմանեց 191.4 դրամ։
Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, փոխանցեց, որ ընկերությունը ցանկանում էր 14 դրամով ավելացնել գործող սակագինը, սակայն ուսումնասիրությունների արդյունքում իրենք կանգ առան 11 դրամի վրա․ - «Սակագնային քաղաքականության վարչության կողմից կատարված հաշվարկների համաձայն, 2018 թվականի համար «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների սակագների գումարային մեծությունը կազմում է 191.4 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը»:
Խմելու ջրի ոլորտում անցած տարվանից մենաշնորհային դիրք ստացած «Վեոլիա Ջուրը» հանձնաժողով էր դիմել դեռ օգոստոսին։ Ու մինչ մասնագետները ուսումնասիրություններ էին կատարում, սակագնի հնարավոր բարձրացման հարցին անդրադարձել էր Կառավարության ղեկավարը։ Նոյեմբերի 2-ի նիստում Կարեն Կարապետյանը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարել էր սակագնի բարձրացման պարագայում 20-օրյա ժամկետում գործադիրին ներկայացնել գործող մանրածախ սակագնի պահպանման վերաբերյալ առաջարկներ։
Հանձնաժողովի այսօրվա նիստում Ջրային տնտեսության պետական կոմիտեի (ՋՏՊԿ) ներկայացուցիչն ու հանձնաժողովի նախագահը հայտարարեցին՝ Կառավարությունը կկատարի խոստումը և 2018-ին մեկ խմ համար սպառողը կվճարի նույն 180 դրամը։
«Այսօր ընդունված և հունվարի 1-ից ուժի մեջ մտնող սակագների տարբերությունը պետք է փոխհատուցվի սուբսիդիայի տեսքով՝ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից վճարվող վարձակալության վճարների հաշվին», - ասաց ՋՏՊԿ ջրամատակարաման և ջրահեռացման համակարգերի վարչության պետ Արմեն Սերգոյանը՝ հավելելով․ - «Բոլոր սպառողները վճարելու են էն սակագնով, որը գործում է այժմ․․․ Այդ նույն սակագնով շարունակելու են վճարել նաև 2018 թվականի հունվարի 1-ից»:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասաց․ - «Միանշանակ սակագները մեր սպառողների համար մնալու են նույն մակարդակի վրա, ինչ ունենք այսօր: Ես կարծում եմ, Կառավարության առաջիկա նիստերից մեկում այդ մասին նախագիծ կներկայացնի Ջրային տնտեսության պետական կոմիտեն, և դա կընդունվի»:
Նիստին ներկա էր նաև «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն։ Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, դիմելով ընկերության ղեկավարին, նկատեց, որ ջրի սպառման ծավալների առումով կան բազմաթիվ թերություններ, դրանք բացահայտել են նաև մոնիթորինգի արդյունքում․ - «Պետք է խնդրեմ պարոն Լըֆեին այսօր, որպեսզի ինքը այս ուղղությամբ բոլոր իր ռեզերվները, պոտենցիալը օգտագործի և անի հնարավորը, որպեսզի ջրի սպառման ծավալներով պայմանավորված մենք սակագների բարձրացում չունենանք»:
Նման հորդորով Ռոբերտ Նազարյանը Կրիստիան Լըֆեին դիմել էր նաև անցած դեկտեմբերին, երբ հանձնաժողովը «Վեոլիա Ջրին» 15 տարով հանձնեց ամբողջ հանրապետության ջրային համակարգի վարձակալության լիցենզիան։ Նազարյանը հորդորել էր աշխատել այնպես, որ առաջիկա տարիներին խմելու ջուրը վերստին չթանկանա, իսկ դրա համար ընկերությունը պետք է կրճատեր ապօրինի ջրօգտագործողների քանակը:
Հարցին, թե ինչո՞ւ հանձնաժողովի նախագահի հորդորը չազդեց ֆրանսիական վարձակալի վրա, Կրիստիան Լըֆեն արձագանքեց․ - ««Վեոլիա Ջուր» ընկերությունը աշխատում է Հայաստանի կառավարության հետ կնքած պայմանագրին համահունչ։ Մենք ամբողջապես չստացանք այն սակագինը, ինչ նշել էինք հայտում։ Այո, պետք է կարողանայինք ավելի շատ ջուր վաճառել, որը չստացվեց, բայց հույժ կարևոր է, որ յուրաքանչյուր սպառված խորանարդ մետրը հաշվեգրվի և վճարվի դրա դիմաց»։
Կրիստիան Լըֆեն նաև տեղեկացրեց, որ 7 ամսվա ընթացքում հայտնաբերել են ջրի ապօրինի սպառման բազմաթիվ դեպքեր, և արդեն իսկ փոխարինել է 42 հազար սպառողի ջրաչափ։
Ֆրանսիական ընկերության տնօրենի խոսքով, ընդհանուր ցանցում կորուստները հասնում են 75 տոկոսի, և վիճակը շտկելու համար իրենք մտադիր են ներդնել 200 միլիոն դոլար։ Առաջարկ արդեն իսկ ներկայացվել է գործադիրին։