«Զվեզդա»-ն ներողություն է խնդրում «թույլ տրված սխալի համար»

«Զվեզդա» հեռուստաալիքի լոգոն, արխիվ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից «Ազատությանն» են տրամադրել դեսպան Վարդան Տողանյանին «Զվեզդա» հեռուստաընկերության հղած պաշտոնական նամակի լուսապատճենը:

Նամակում մասնավորապես ասված է․ - «Կիրակի օրը՝ 2017 թվականի նոյեմբերի 19-ին, «Զվեզդա» ազգային հեռուստաալիքի «Կանխատեսումներ» ծրագրի թողարկման ժամանակ ծրագիրը վարող Վերոնիկա Կրեշենիննիկովան թույլ է տվել ոչ-կոռեկտ ձևակերպումներ և գնահատականներ` կապված Հայաստանի Հանրապետության հետ (Հայաստանի և Եվրամիության համագործակցությանը նվիրված բլոկում): Ներողություն ենք խնդրում թույլ տրված սխալի համար»:

«Կցանկանայինք ընդգծել, որ ծայրաստիճան գնահատում ենք մեր երկրների ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարի հարաբերությունները: Այն բարձր վստահությունը և փոխըմբռնումը, որ ձևավորվել է մեր երկրների ղեկավարության մակարդակով, համոզմունք է ներշնչում, որ մեր ժողովուրդները հետագայում ևս կգնան ձեռք ձեռքի տված: Պատրաստակամություն ենք հայտնում նպաստել երկու երկրների և ժողովուրդների համագործակցության ամրապնդմանը մշակութային, տնտեսական, քաղաքական և ռազմական բնագավառներում», - ասված է հեռուստաընկերության նամակում:

Հիշեցնենք, ռուսական պետական «Զվեզդա» հեռուստաընկերության եթեր հեռարձակած հաղորդման վարողը Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խորհրդանիշը համեմատում էր Երրորդ ռեյխի զինանշանի, Գարեգին Նժդեհին՝ ուկրաինացի Բանդերայի հետ, և պնդում, թե «Հայաստանի իշխող ուժը հերոսացնում է ֆաշիզմի աջակիցներին»:

Տե՛ս նաև այստեղ