Արայիկ Խանդոյանը մեկ ժամով հեռացվեց դատարանի դահլիճից

«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստ, արխիվ

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 10-ի գործով դատավարությունում դատավոր Մեսրոպ Մակյանը այսօր ամբաստանյալ Արայիկ Խանդոյանին մեկ ժամով հեռացրեց դատարանի դահլիճից՝ դատախազի հասցեին վիրավորական արտահայտությունների համար:

Որպես «Միայնակ Գայլ» հայտնի Խանդոյանը դատական նիստի ժամանակ մեղադրող Պետրոս Պետրոսյանին դիմել էր, մասնավորապես, «տականք», «ողորմելի» և այլ անհարգալից արտահայտություններով:

«Սասնա ծռեր» զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Նրանց սպանության մեջ մեղադրվում են խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը: Այս գործերով անցնողների հիմնական մասը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ:

Հիշեցնենք, սեպտեմբերի վերջին դատավոր Արտուշ Գաբրիելյանն, ով սկզբում միայնակ էր քննում զինված խմբի գործը, դրա արդյունավետ քննության պատճառաբանությամբ որոշեց մասերի բաժանել այն՝ վերախմբավորելով երեք վարույթներում։