Մոսկվան սպառնում է պատասխանել Google-ի կողմից սահմանափակումների դեպքում

Պաշտոնական Մոսկվան սպառնում է պատասխան քայլեր ձեռնարկել, եթե Google-ը որոնման արդյունքներում պակաս նախընտրություն տա ռուսական պետական ֆինանսավորմամբ գործող Sputnik և Russia Today կայքերի հոդվածներին, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Օրերս Google-ի մայր ընկերություն հանդիսացող Alphabet-ի գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտը հայտարարել էր, որ Google-ը աշխատում է, որպեսզի ռուսական այդ կայքերն ավելի քիչ երևան որոնման արդյունքներում: Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները հայտարարել են, որ երկու լրատվամիջոցներն էլ ապատեղեկատվություն են տարածում և բացասական հոդվածներ են հրապարակել ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի մասին Միացյալ Նահանգների 2016 թվականի նախագահական ընտրությունների շրջանում: