«Զվեզդա»-ն ընդունել է, որ եղել է ոչ կոռեկտ գնահատական ՀՀԿ-ի վերաբերյալ. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ, արխիվ

Ռուսաստանյան «Զվեզդա» հեռուստաընկերությունը պաշտոնական նամակով դիմել է հայկական կողմին և ընդունել, որ ոչ կոռեկտ հայտարարություններ են հնչել իր հաղորդման մեջ: Այս մասին երեքշաբթի ուշ երեկոյան Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց իշխող կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Պատասխանելով հարցին, թե մտադի՞ր են արդյոք ինչ-որ քայլեր ձեռնարկել, ՀՀԿ խոսնակը մասնավորապես ասաց. - «Զվեզդա» հեռուստաընկերությունը և՛ իր յություբյան էջից է հանել, և նաև ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ «Զվեզդա»-ի ղեկավարությունը պաշտոնական նամակով դիմել է հայկական կողմին, որտեղ ընդունում է, որ եղել է ոչ կոռեկտ գնահատական»։

«Իսկ ինչ վերաբերում է մեր գնահատականին, մեր գնահատականը հետևյալն է՝ այդ հեռուստահաղորդումը կամ այդ հեռուստաեթերի ընթացքում Հայաստանի, Նժդեհի և Հանրապետական կուսակցության հասցեին հնչած ոչ կոռեկտ, մեղմ ասած՝ ոչ կոռեկտ գնահատականները չեն բխում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների տրամաբանությունից: Նման հայտարարությունները հարիր չեն դաշնակցային հարաբերություններին, և մենք մեր խողովակներով, պետությունը իր կարծիքը արտահայտել է, և նաև ասացի, որ «Զվեզդա»-ի ղեկավարը, ղեկավարությունը հստակ իր գնահատականը հնչեցրել է», - ասաց Շարմազանովը՝ հավելելով. - «Այստեղ ավարտված համարենք այս ինցիդենտը»:

«Ինչ վերաբերում է Նժդեհին, Նժդեհը, մեկ անգամ չէ, որ այս դահլիճում ասել եմ, անկախ նրանից՝ ով ինչպիսի որակումներ կտա, Նժդեհը մեր ազգի մեծագույն հերոսներից մեկն է, ի շնորհիվ Նժդեհի մենք ունենք նաև անկախ Սյունիք, ի շնորհիվ Նժդեհի մենք ունենք հերոսացած Լոռու, Ղարաքիլիսայի ժողովուրդ, որը փառապանծ հաղթանակ տոնեց Ղարաքիլիսայի հերոսամարտում, որի արդյունքում մենք կարողացանք նաև ապահովել Սարդապարատի թիկունքը 18 թվականի մայիսյան հերոսամարտի ժամանակ, և Նժդեհը հայ ժողովրդի համար մեծագույն հերոսներից մեկն է և ունի այն նշանակությունը, ինչ բարեկամ ռուս ժողովրդի համար, օրինակ, Ալեքսանդր Սուվորովը», - ընդգծեց Հայաստանի իշխող կուսակցության խոսնակը:

Հիշեցնենք, օրերս ռուսական պետական «Զվեզդա» հեռուստաընկերությունը եթեր էր հեռարձակել մի հաղորդում, որում ՀՀԿ-ի խորհրդանիշը համեմատվում էր Երրորդ ռեյխի զինանշանի, Գարեգին Նժդեհը՝ ուկրաինացի Բանդերայի հետ, շեշտելով՝ «Հայաստանի իշխող ուժը հերոսացնում է ֆաշիզմի աջակիցներին»:

Շարմազանովը հայտնեց նաև, որ Հանրապետականի գործադիր մարմնի նիստի ընթացքում քննարկել են ներկուսակցական, ներքաղաքական, արտաքին քաղաքական խնդիրներ: «Քննարկել ենք հայ-ռուսական էլի հարաբերությունները, պարոն Լավրովի այցը», - նշեց նա:

«Լավրովը Բաքվից էր վերադարձել, որևիցե նոր բան հաղորդե՞լ է, սպասե՞նք որևիցե առաջընթացի, թե՞, ինչպես ինքն ասաց, լավատես չլինենք», - «Ազատության» այս հարցին իշխող կուսակցության խոսնակը արձագանքեց. - «Ես կարծում եմ, էստեղ լավատեսի ու հոռետեսի խնդիր չի՝ էստեղ պետք է իրատես լինել, և իրատեսությունը պահանջում է, որ մենք գիտակցենք, որ այս խնդիրը չի կարող շուտափույթ լուծում ստանալ, քանի դեռ Ադրբեջանը չի վերադարձել կառուցողական դաշտ: Այո, այնտեղից է վերադարձել, և պարոն Լավրովը ասեց այն, ինչ որ նաև սպասելի էր այսօրվա բանակցությունների տրամաբանության մեջ, և գոնե, ըստ իս, որևէ հայտարարություն չի հնչել, որևէ նույնիսկ նախադասություն, որը հակասում է խաղաղ բանակցությունների տրամաբանությանը, որը հակասում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, որը հակասում է երեք սկզբունքներին և խաղաղ բանակցություններին: Եվ կասեմ, որ պարոն Լավրովի հայտարարությունը բավականին տրամաբանական էր, իրատեսական էր և բխում էր խնդրի կարգավորման ռեալ տրամաբանությունից»:

Հիշեցնենք, երեկ Երևանում ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, մասնավորապես, որ ղարաբաղյան խնդիրը բարդ է, և բանակցությունները շուտ չեն ավարտվի: