Հեռուստատեսության և ռադիոյի մասին նոր օրինագիծը մտահոգել է լրագրողական կազմակերպություններին

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, արխիվ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» հայտարարությամբ են հանդես եկել, որում արձանագրում են, թե օրինագիծը չի լուծում ոլորտում կուտակված խնդիրները:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը պնդում է, որ օրինագիծը հակասում է իրենց առաջարկներին․ - «Քիչ է ասել, որ չի բավարարում: Այն սկզբունքորեն հակասում է այն գաղափարներին, որոնք որ մենք առաջարկում ենք տարիներ շարունակ: Եվ այստեղ փաստորեն որևէ փորձ չի կատարվել ոլորտում առկա լուրջ խնդիրները լուծել»:

Հասարակական կազմակերպությունները նաև ցավով նկատում են, որ Արդարադատության նախարարությունը ոլորտի մասնագիտացված հասարակական կազմակերպություններին չի ներգրավել կարևոր այս օրինագծի մշակմանը, օրինագիծը գաղտնի պայմաններում մշակել և ուղարկել են Ազգային ժողով։

Աշոտ Մելիքյանն ասում է՝ նախագիծը երկու շաբաթով «ի-դրաֆթ» կայքում տեղադրելն ամենևին չի նշանակում քննարկման դնել: Իսկ գործընթացին իրենց մասնակից չդարձնելու մեջ Մելիքյանը միտում է տեսնում․ - «Նրանք շատ լավ հասկանում են, որ մենք չեինք համաձայնվելու, և բնականաբար, մեր մտահոգությունները բարձրաձայնելու ենք, այդ թվում նաև ներկայացնելու ենք միջազգային կառույցներին: Փորձ կատարվեց մեզ շրջանցելով միանգամից, ինչքան հնարավոր է շուտ անցկացնել սա և ներկայացնել խորհրդարան»:

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» ղեկավար Նունե Սարգսյանը շեշտում է, որ սա Կառավարություն - քաղաքացիական հասարակություն համագործակցության վատ օրինակ է․ - «Նույնիսկ եթե մենք պատճառաբանություններ գտնենք, սա շատ վատ օրինակ ա համագործակցության քաղաքացիական հասարակության և մասնագիտական կազմակերպությունների հետ, որոնք եթե էս դեպքում հեռուստատեսության ոլորտում են աշխատում, բայց նաև այլ դեպքերում ցանկացած այլ ոլորտներում աշխատում են և հետաքրքրված են այդ ոլորտների բարելավմամբ»:

Ըստ լրագրողական կազմակերպությունների, նոր օրինագիծը լուծում չի տալիս մի շարք կարևոր խնդիրների․ մասնավորապես, չլուծված է մնում կարգավորող մարմնի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, ինչպես նաև Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անկախության խնդիրը։

Թեև օրինագիծը նոր սահմանադրությանն է համապատասխանեցնում հանձնաժողովի և խորհրդի անդամների ընտրությունը՝ մի դեքպում դա վերապահելով Ազգային ժողովին, իսկ մյուս դեպքում՝ վարչապետի որոշմամբ հաստատված մրցութային կարգին, Աշոտ Մելիքյանի կարծիքով, հազիվ թե տարբեր որոշումներ լինեն․ - «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը ձևավորում էր այս դաշտը իշխող քաղաքական ուժին հարմար ձևով: Եվ այդ նույնը հիմա փաստորեն կատարելու է իր մեծամասնությամբ Ազգային ժողովը»:

Ըստ Մելիքյանի, դարձյալ պահպանվել են թվային հեռարձակման մասնավոր ցանցի (մուլտիպլեքս) ստեղծման համար առաջադրված չափազանց բարդ և հսկայական ներդրումներ պահանջող պայմանները: Որպես հետևանք մասնավոր մուլտիպլեքս որևէ մեկը չի ցանկանում ստեղծել, արդեն երկու տարի է հայտարարված մրցույթին մասնակցող չկա, իսկ մարզերում գործող 10-ից ավելի տեղական հեռուստաընկերությունները դուրս են մնացել թվայնացման գործընթացից, շարունակում են գործել անալոգային ռեժիմով՝ կորցնելով լսարանն ու հայտնվելով փակման վտանգի առջև․ - «Իմ կանխատեսմամբ, եթե նրանք որևէ կերպ չընդգրկվեն թվային ցանցում, նրանք այսպես երկար չեն կարող գոյատևել»:

Լրագրողական հասարակական կազմակերպությունները պահանջում են Ազգային ժողովից օրինագիծը վերադարձնել Կառավարություն, վերանայել այն՝ հաշվի առնելով մասնագիտացված հասարակական կազմակերպությունների և փորձագետների առաջարկությունները: Կառավարությունից պահանջում են ստեղծել պետական կառույցների մասնագետներից ու անկախ փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող օրինագիծ մշակելու նպատակով։

«Որ մենք նստենք, զրոյացնենք էս պրոցեսը և սկսենք նորից փորձել էս առաջարկի մեջ մտցնել բոլոր էն մեր մտահոգությունները, որոնք եղել են և որոնք տեղ են գտել մեր առաջարկած նախագծում», - ասաց Նունե Սարգսյանը:

Արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ այս հայտարարությանը հնարավոր է արձագանքեն ավելի ուշ: