Մեկօրյա լռությունից հետո իշխող Հանրապետականը (ՀՀԿ) վերջապես արձագանքեց ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերության հաղորդմանը, որտեղ ՀՀԿ-ի խորհրդանիշը համեմատվում էր Երրորդ ռեյխի զինանշանի, Գարգեին Նժդեհը՝ ուկրաինացի Բանդերայի հետ, շեշտելով՝ «Հայաստանի իշխող ուժը հերոսացնում է ֆաշիզմի աջակիցներին»:
Իշխող Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր «Ազատության» հետ զրույցում ռուսական հեռուստաալիքի գնահատականները որակեց անհեթեթ և տգետ:
ՀՀԿ խոսնակի փոխանցմամբ, Նժդեհին ֆաշիզմի հետ համեմատելը նույն բանն է, թե Հիտլերին նույնացնել դեմոկրատիայի հետ: - «Հայաստանն ինքնիշխան պետություն է, ինքն է որոշում, ում արձանը դնել և ոնց դնել», - ասաց Շարմազանովը։
«Ազատություն». - Պարոն Շարմազանով, ինչպե՞ս եք գնահատում ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի հաղորդումը, որտեղ վիրավորական հայտարարություններ են արվում իշխող Հանրապետականի հասցեին, Գարեգին Նժդեհի, որը հանդիսանում է կուսակցության, կարելի է ասել, գաղափարախոսության հիմնադիրը, և ավելին՝ ՀՀԿ-ի խորհրդանիշը համեմատվում է Երրորդ ռեյխի զինանշանի հետ, և այսպիսի մի որակում է տրվում, որ, ըստ էության, «Հայաստանի իշխող ուժը սատարում է ֆաշիզմի աջակիցներին»։
Շարմազանով. - Ոչ թե իրանց եմ մեկնաբանում, այլ էությունն եմ մեկնաբանում։ Էությունը շատ տգեղ է, անգրագետ է, տգետ է ու անհեթեթ։ Բոլոր որակումները, որոնք, որ կան, դրանք անգրագետ են և իրականության հետ կապ չունեն։ Եթե քիչ թե շատ ուսումնասիրեն Երրորդ ռեյխի պատմությունը, ֆաշիստական Գերմանիայի և նրանց դաշնակիցների պատմությունը, ուսումնասիրեն ցեղակրոնական և տարոնական ուսմունքները, Գարեգին Նժդեհի ուսմունքը, նման հիմար որակումների չէին հանգի, սա առաջինը։ Ես միշտ ասել եմ և ևս մեկ անգամ էլ կրկնում եմ, անկախ նրանից՝ Մոսկվայից են, Վաշինգտոնից են, Նյու Դելիից են, թե Սիդնեյից են այդ որակումները, ինձ համար գոնե մի բան ակնհայտ է՝ Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի մեծագույն հերոսներից մեկն է, և ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի տարբեր շրջաններում մենք պետք է տեղադրենք Նժդեհի արձանները, երկրորդ՝ Նժդեհին նույնացնել ֆաշիզմի հետ, նույն բանն է, թե Հիտլերին նույնացնել դեմոկրատիայի և քրիստոնեության հետ, երրորդ՝ իշխող ուժի սիմվոլիկայի մեջ տեսնել ֆաշիստական սիմվոլիկան, ինչ ասեմ, կամ քաղաքական կուրություն է, կամ անհեթեթություն է, որը կուզեք արդեն Դուք որակում տվեք։ Մնացածը ծիծաղելի է նույնիսկ, որ դրա մասին խոսեմ։
«Ազատություն». - Պարոն Շարմազանով, Դուք գիտեք, որ «Զվեզդան» Ռուսաստանի պաշտպանության նախարարության հեռուստատեսությունն է, այսինքն՝ սա պաշտոնական լրատվամիջոց է։ Դուք պատահակա՞ն եք համարում, որ այսօրինակ հաղորդում Հայաստանի իշխող ուժի մասին եթեր է հեռարձակվում։
Շարմազանով. - Ես շատ լավ գիտեմ՝ ինչ է «Զվեզդան», ով է հաղորդավարը, այդքան միամիտ չեմ, թեև լոռեցի եմ, դրա համար էլ ասում եմ՝ նման որակումներն անհեթեթ են, տգետ են, անգրագետ են, ավելին՝ չեն բխում հայ-ռուսական դաշնակցային բարեկամական հարաբերությունների փիլիսոփայությունից։
«Ազատություն». - Դուք դրա հետևում ի՞նչ եք տեսնում։
Շարմազանով. - Ես միամիտ լոռեցի չեմ, բայց պարզ լոռեցի եմ, ուղիղ եմ տեսնում ամեն ինչ, ես չեմ ուզում տեսնել ինչ-որ բան, պարզապես մի բան գիտեմ՝ եթե ռուսական մեր գործընկերներն ասելու բան ունենային, ուղիղ ես կմեկնաբանեմ կոնկրետ խոսնակների, փոխխոսնակների և պաշտոնական Մոսկվայի կարծիքը, պաշտոնական Մոսկվան նման կարծիք չի արտահայտել, ուստի ամեն ինչ թողնում ենք այդ կնոջ, կամ այդ հաղորդման ղեկավարների վրա։
«Ազատություն». - Բայց նա ինքնագլուխ չէ՞ր կարող պաշտպանության նախարարության հեռուստատեսությամբ նման հայտարարություն անել, նա իր տանը չէր խոսում, ի վերջո։
Շարմազանով. - Սիրելի տիկին Ստեփանյան, ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության իշխող ուժի ղեկավար մարմնի ներկայացուցիչը և Ազգային ժողովի նախագահի տեղակալը պետք է հիմա նստի և գնահատականներ տա այս կամ այն հեռուստաալիքի, թեկուզ «Զվեզդա» հեռուստաալիքի հաղորդմանը։
«Ազատություն». - Քանի որ Դուք ասացիք, որ միամիտ լոռեցի չեք և շատ լավ հասկանում եք, թե ինչ է տեղի ունեցել, բայց փակագծեր ամեն դեպքում չեք ուզում բացել, քանի որ հաղորդման մեջ անդրադարձ է կատարվում նաև մի քանի օրից սպասվող՝ նոյեմբերի 24-ին Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրում, ի՞նչ եք կարծում, հնարավոր է, որ Հայաստանի այս քայլն է ռուսական իշխանական որոշակի շրջանակներում դժգոհություն առաջ բերել, ինչն էլ այսպիսի հաղորդման առիթ է տվել։
Շարմազանով. - Ես սուրճի բաժակ նայող չեմ, որպեսզի նման գնահատականներ հնչեցնեմ, ես առաջնորդվում եմ փաստերով, երբ որ կլինի փաստ՝ պաշտոնական, այն ժամանակ կխոսենք։
«Ազատություն». - Պարոն Շարմազանով, պե՞տք է իշխող Հանրապետականը բացատրություն պահանջի Ռուսաստանի իշխանություններից, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, ում և պատկանում է «Զվեզդա» հեռուստաընկերությունը։
Շարմազանով. - Իշխող Հանրապետականի փոխարեն Դուք մի անհանգստացեք, իշխող Հանրապետականը և՛ նախկինում, և՛ հիմա դրա մասին խոսել է, խոսում է և պետք է խոսի։
«Ազատություն». - Հարցնում եմ, չեմ անհանգստանում։
Շարմազանով. - Նժդեհը որևէ մեկի պաշտպանության կարիքը չունի, որպեսզի իրենք հասկանան Նժդեհի կարևորությունը, մեծությունը, անթերիությունը, ես ասում եմ՝ Նժդեհը հայ ժողովրդի համար ունի նույն այն նշանակությունը, քան Սուվորովն ու Նևսկին՝ ռուս ժողովրդի համար։
«Ազատություն». - Դուք կդիմե՞ք Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
Շարմազանով. - Ինչո՞ւ պետք է ես դիմեմ, ինչ կա դիմելու, թող Հանրապետականը «Ազատություն» ռադիոկայանի, տարբեր լրատվամիջոցների միջոցով և՛ նախկինում, և՛ հիմա, և՛ ապագայում մեր կարծիքն ասել է՝ Հայաստանն ինքնիշխան երկիր է և Հայաստան է որոշում ում արձանը դնել, ոնց դնել։
«Ազատություն». - Ի վերջո դուք 160 հազար կուսակցականներ ունեք, նրանց նույնպես վերաբերվել է։
Շարմազանով. - Մեր 160 հազար կուսակցականները հպարտ են, որ հանրապետական են, հպարտ են, որ նժդեհյան գաղափարախոսության կրողներ են, հպարտ են, որ Հայաստանում միշտ զարգանա նժդեհյան գաղափարախոսությունը։
«Ազատություն». - Պե՞տք է ներողություն խնդրեն իշխող Հանրապետականից՝ «Զվեզդայի» ղեկավարությունը, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Շարմազանով. - Լրատվամիջոցը բերել եք կուսակցության հետ նույն հարթության վրա եք դրել, կարծում եմ դա այդքան էլ հավասարազոր չէ։
«Ազատություն». - Բայց սա պաշտպանության նախարարությանն է, սա փոխում է իրավիճակը։
Շարմազանով. - Ես իմ կարծիքն ասեցի՝ բոլոր նրանք, ովքեր փորձում են Նժդեհին նույնացնել ֆաշիզմի հետ, նրանք զբաղված են անհեթեթ և տգետ գործունեությամբ։