Լավրով․ Ղարաբաղյան խնդիրը բարդ է, և բանակցությունները շուտ չեն ավարտվի

Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ ղարաբաղյան խնդիրը բարդ է, և բանակցությունները շուտ չեն ավարտվի: Նման հայտարարություն Սերգեյ Լավրովն արեց այսօր Երևանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում:

«Բաքվում կայացած ասուլիսում արդեն նշել եմ, որ [ղարաբաղյան] խնդրի կարգավորման բոլոր բաղադրիչներն առկա են: Բաղադրիչները ներառված են բազմաթիվ փաստաթղթերում, որոնք 2007թ․-ից, 2009թ․-ից, 2011թ․-ից ի պահ էին հանձնված ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին: Նման կերպ այդ բաղադրիչները ամրագրված են, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներ, դրանք սեղանին են՝ իրենց ամբողջության մեջ», - նշեց ՌԴ արտգործնախարարը: - «Միակ բանը, որ ես կցանկանայի ընդգծել, որի մասին խոսել եմ նաև Բաքվում, այդ բաղադրիչները մեկ փաթեթի մեջ են, և շատ դժվար է վերցնել, մեկը, երկուսը կամ երեքը ու ասել՝ եկե՛ք այս հիմքի վրա պայմանավորվենք, որովհետև այդ դեպքում հավասարակշռող բաղադրիչները դուրս են մնում, և չենք ստանա այն արդյունքը, որը մենք՝ բոլորս մտադիր ենք ստանալ»:

Լավրովը շարունակեց՝ արդեն իսկ օգտակար է, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նախագահները, դրական են արտահայտվել Ժնևում իրենց հանդիպման վերաբերյալ․ - «Բայց շատ կարևոր է, որ այդ դրական վերաբերմունքը մեզ օգնի ըստ էության առաջ շարժվել կարգավորման ուղղությամբ: Համանախագահները զբաղվում են սրանով: Վերջերս՝ օրեր առաջ, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպումներ ունեցան երեք համանախագահների հետ: Ամերիկացի ու ֆրանսիացի գործընկերների հետ այժմ կվերլուծենք, թե որտեղ ենք, կփորձենք ինչ-որ ակտիվ ջանքեր գործադրել, որպեսզի պայմաններ ստեղծենք կարգավորման հասնելու համար, սակայն ես չափից դուրս լավատեսություն չէի արտահայտի, խնդիրը բարդ է և մեր բանակցությունների ողջ փորձն ասում է, որ, ցավոք, դրանք շուտ չեն ավարտվի»:

Ռուսաստանի արտգործնախարարը երեկ Երևան ժամանեց Բաքվից, ուր նույնպես երկօրյա պաշտոնական այցով էր:

«Հարկավոր է զբաղվել ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմամբ: Առավել ևս՝ որ այն հիմնական ուղղությունները, որտեղ հնարավոր է արդյունք արձանագրել, արդեն իսկ ուրվագծվում են»,- Ադրբեջանի մայրաքաղաքում նոյեմբերի 20-ին հայտարարել էր Լավրովը:

Իր հերթին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ընգծել էր․ - «Ես ունեցել եմ առարկայական բանակցություններ համանախագահների հետ: Մենք քննարկել ենք կոնկրետ հարցեր, որոնք այսօր պետք է լուծել Երևան մեկնելուց առաջ: Ես Լավրովին այդ լուծումների մի քանի տարբերակ եմ ներկայացրել»:

Այսօրվա ասուլիսում Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց՝ ղարաբաղյան բանակցություններում առաջընթացի բացակայության պատճառը Ադրբեջանի մոտեցումն է՝ միջնորդների օգնությամբ պայմանավորվածություններ են կայացվում, որոնցից հետագայում Բաքուն հետ է կանգնում․ ֊ «Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ մենք ինչ-որ բանի մասին պայմանավորվեցինք: Ադրբեջանը, կրկին հետքայլ կատարեց: Վիեննայի հանդիպումից հետո վերադառնալով Ադրբեջան՝ նրանք ասացին՝ ո՛չ, ոչ մի բանի մասին չենք պայմանավորվել: Հուսանք, ադրբեջանցիները կփոխեն իրենց այդ դիրքորոշումը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանը երբե՛ք հետ չի կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից և մենք մտադիր ենք հետագայում ևս Ռուսաստանի, [ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս] համանախագահող երկրների հետ շարունակել ջանքեր գործադրել՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը»:

Ասուլիսի ընթացքում մոսկովյան Коммерсант պարբերականի թղթակիցը հարցրեց՝ քանի որ դեկտեմբերին Վիեննայում նախատեսվում է անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, արդյոք այդ հանդիպմանն ընդառաջ հնարավո՞ր է ինչ-որ փաստաթուղթ պատրաստ լինի: Երկու նախագահների հանդիպման վերաբերյալ Լավրովը ոչինչ չասաց, իսկ Նալբանդյանն արձագանքեց, թե նման հանդիպման վերաբերյալ ինքը տեղեկություն չունի:

Հիշեցնենք՝ օրերս Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ Նալբանդյանն ու Մամեդյարովը համաձայնել են հանդիպել դեկտեմբերին Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ-ի նախարարական խորհրդի շրջանակներում:

«Ազատությանը» հարցի հնարավորություն չտրվեց

Ի դեպ, այսօր ասուլիսի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը որոշեց Երևանում հայաստանյան հանրության առջև հանդես գալ ռուսերենով, թեև Լավրովի հետ հանդիպումը երկկողմ էր, իսկ Հայաստանի պետական լեզուն հայերենն է: Թարգմանիչը հայաստանցի պաշտոնյայի ռուսերենը թարգմանում էր հայերեն:

Այսօրվա ասուլիսին «Ազատությանը» հարց տալու հնարավորություն չտրվեց, թեև նախօրոք համապատասխան ձևով դիմել էինք արտգործնախարարության մամուլի վարչություն: Թե ինչո՞ւ հայաստանյան ու ռուսաստանյան չորս լրատվամիջոցների ներկայացուցիչների հարց տալու իրավունք տրվեց, իսկ մեզ՝ ոչ, ողջ օրվա ընթացքում այդպես էլ չկարողացանք պարզել, որովհետև ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: