Պուտին. «Ռուսական բանակը փրկեց սիրիական պետությունը»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և բարձրաստիճան զինվորականները Սոչիում հանդիպում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, 20-ը նոյեմբերի, 2017թ․

«Սիրիական պետությունը փրկվեց նախևառաջ Ռուսաստանի Զինված ուժերի շնորհիվ»․ - Սոչիում՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ երեկ կայացած բանակցությունների ավարտին, նման հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուշագրավ է, որ Ռուսաստանի նախագահը երեկ Սոչիում կազմակերպել էր նաև Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունները համակարգող ռուսաստանյան բարձրաստիճան սպայակազմի` այդ թվում Պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի հանդիպումը Բաշար Ասադի հետ:

«Ես ցանկանում եմ ձեզ ներկայացնել այն մարդկանց, որոնք որոշիչ դեր խաղացին Սիրիայի փրկության գործում: Նախագահ Ասադը բանակցությունների ընթացքում ևս հայտարարեց, որ հենց Ռուսաստանի Զինված ուժերի միջամտության շնորհիվ հնարավոր դարձավ Սիրիայի փրկությունը որպես պետություն: Բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել Սիրիայում իրադրությունը կայունացնելու նպատակով: Հուսով եմ, որ շատ շուտով մենք ահաբեկչության դեմ պայքարում վերջակետ կդնենք», - հայտարարում էր Պուտինը:

Ուշագրավ է, որ Բաշար Ասադի` Սոչի կատարելիք այցի մասին նախապես որևէ տեղեկություն չէր հրապարակվել: Ավելին, թեև Ասադի և Պուտինի բանակցությունները, ինչպես նաև նախագահների հանդիպումը ռուսաստանցի զինվորականների հետ կայացան երկուշաբթի` օրվա երկրորդ կեսին, դրանց մասին պաշտոնական հաղորդագրությունը հրապարակվեց միայն այսօր առավոտյան: Նշենք, որ երկու տարի առաջ ևս, երբ Բաշար Ասադը ժամանել էր Մոսկվա, նրա այցի մասին հայտնի դարձավ դրա ավարտից շուրջ 12 ժամ անց:

Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայացած բանակցությունների ավարտին Սիրիայի նախագահը երեկ հայտարարում էր․ - «Մենք հենց նոր շփվեցինք Ռուսաստանի նախագահի հետ, և ես նրան փոխանցեցի սիրիացի ժողովրդի երախտիքի խոսքերը այն ջանքերի համար, որոնք ձեռնարկվեցին մեր երկրի փրկության համար: Ես հատուկ ընդգծեցի այն դերը, որ խաղացին Ռուսաստանի Զինված ուժերը, այն զոհերը, որ տվեց ռուսաստանյան բանակը այդ նպատակին հասնելու համար: Երկու տարի առաջ, երբ ես հանդիպեցի նախագահ Պուտինի հետ Մոսկվայում, ռազմական գործողությունները նոր էին մեկնարկել: Այս երկու տարում ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի և Սիրիայի զինված ուժերի համագործակցության շնորհիվ արձանագրված արդյունքները որևէ մեկը ժխտել չի կարող: Մենք շնորհակալ ենք ձեր քայլերի համար: Մենք այդ ամենը երբեք չենք մոռանա»:

Բուն բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահը չէր թաքցնում, որ Բաշար Ասադին Սոչի է հրավիրել նոյեմբերի 22-ին կայանալիք եռակողմ բանակցություններից առաջ պաշտոնական Դամասկոսի տեսակետները հստակեցնելու համար: Հիշեցնենք՝ վաղն արդեն Սիրիայում ստեղծված կացությունը քննարկելու նպատակով Ռուսաստանի նախագահի «Բոչարով Ռուչեյ» նստավայր կժամանեն Թուրքիայի և Իրանի նախագահները:

«Ամենակարևոր խնդիրը Սիրիայում իրադրության, խաղաղ, քաղաքական երկարաժամկետ հանգուցալուծման հարցն է, որ պետք է տեղի ունենա ահաբեկիչների ջախջախումից հետո: Ես ցանկանում եմ լսել Սիրիայում ստեղծված կացության Ձեր գնահատականը, այդ թվում՝ քաղաքական գործընթացին վերաբերող Ձեր մոտեցումները: Մեր կարծիքով՝ այդ գործընթացը ի վերջո պետք է ծավալվի Միավորված Ազգերի Կազմակերպության հովանու ներքո: ՄԱԿ-ը պետք է այդ ամենին մասնակցի թե՛ [քաղաքական կարգավորման] գործընթացի ժամանակ և թե՛ ամփոփիչ փուլում», - հայտարարում էր Ռուսաստանի նախագահը:

Այսօր երեկոյան Վլադիմիր Պուտինը Սիրիայում ստեղծված կացությունը հեռախոսով կքննարկի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Պուտինը իր ամերիկացի գործընկերոջը մանրամասներ կհաղորդի նաև Սիրիայի նախագահ Ասադի հետ Սոչիում կայացած բանակցությունների մասին», - TACC գործակալության փոխանցմամբ՝ այսօր ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Բաշար Ասադի և Վլադիմիր Պուտինի բանակցություններին զուգահեռ, Սիրիայի կառավարական բանակը` դաշնակից ուժերի հետ միասին, «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին դուրս մղեց Իրաքի հետ սահմանին գտնվող Աբու Քեմալ քաղաքից: Սա վերջին խոշոր բնակավայրն էր, որ գտնվում էր «Իսլամական պետության» վերահսկողության ներքո:

Սոչիում մեկնարկող եռակողմ բանակցություններից հաշվված ժամեր առաջ Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր Թեհրանում հնչեցրած ելույթում համոզմունք հայտնեց, որ «Իսլամական պետություն»-ը վերջնականապես ջախջախվել է: Ռոհանին չէր էլ թաքցնում, որ «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարին ակտիվորեն մասնակցել են նաև Իրանի և տարածաշրջանի մի շարք այլ պետությունների ներկայացուցիչները:

«Ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել իսլամի մարտիկներին, իրանցի դիվանագետներին ու Իրանի կառավարությանը, ինչպես նաև մեր հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիին, Զինված ուժերին, Իրաքի, Սիրիայի, Լիբանանի ժողովուրդներին: Ձեր շնորհիվ հնարավոր եղավ վերջ տալ մի խմբավորման, որ սպանություններից, վայրենի բարքերից ու չարիքից բացի ուրիշ ոչինչ չէր տալիս մարդկանց: Դա մի ահաբեկչական խմբավորում էր, որին սնուցում էին աշխարհի հզորներն ու տարածաշրջանի պահպանողական պետություններից մի քանիսը», - հայտարարում էր Իրանի նախագահը: