Անպտղությամբ տառապող զույգերն այլևս չեն կարողանա անվճար օգտվել արհեստական բեղմնավորման պետական ծրագրից․ 2018-ից Կառավարությունը կասեցնում է այն:
Այս ծրագրի օգնությամբ արդեն մայրացած 38-ամյա կինը, ով նախընտրեց անանուն մնալ, «Ազատությանն» ասաց՝ սահմանամերձ Տավուշի մարզից տարիներ շարունակ եկել է Երևան բուժվելու, բայց անօգուտ: Պատմեց՝ բժիշկներն ասել են՝ երեխա կունենա միայն արհեստական բեղմնավորման ճանապարհով, ճշտել է՝ դրա համար 1-ից մինչև 5 մլն դրամ է պետք, ինչն իր ընտանիքը չուներ: Հետո տեղեկացել ու դիմել է անպտուղ զույգերի օգնության պետական ծրագրին, ամբողջովին անվճար հետազոտվել և արհեստական բեղմնավորումից հետո այսօր արդեն 5 ամսական երեխա ունի: - «Բուժումը ստանալուց հետո էկո արեցինք և ունենք բալիկ՝ արդեն հինգ ամսական է», - պատմեց նա։
Թեև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր 2040 թ-ին 4 մլն բնակչություն ունենալու նպատակի մասին, Առողջապահության նախարարությունը որոշել է, որ այս ծրագիրը չի նպաստում ծնելիության աճին: ԱԺ-ում 2018-ի բյուջեի քննարկումների ժամանակ նախարար Ալթունյանն ընդգծել էր՝ «մեկ երեխան նստում է 12 մլն դրամ, մենք ունենք բազմաթիվ այլ ծրագրեր երիտասարդ ուռոլոգներից, որոնք ավելի շատ կբարձրացնեն անպտղության բուժումը, և այդ ծրագրերը հիմա ուսումնասիրվում են»: Ըստ նախարարի՝ ծրագրի կասեցման համար ևս երկու պատճառ կա: - «Ծրագրի սղությունն է և անհնարինությունն է՝ հասցեագրված գտնել այն զույգին, որին պետք է օգնել։ - «Հենց որ կարողանանք օբյեկտիվ մոտեցման ինչ-որ սկզբունքներ կիրառել, կմտածենք այս ծրագրի վերակենդանացման մասին», - ասել էր նախարարը։
Նախորդ Կառավարությունը 2015-ին ժողովրդագրական ցուցանիշները բարելավելու նպատակով 50 մլն դրամ էր ուղղել 35 զույգի՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար: Համաձայն այս թվերի՝ կառավարությունը մեկ երեխայի համար վճարել է միջինը շուրջ 1․5 միլիոն դրամ: Այնինչ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել է՝ մեկ երեխայի համար պետությունը 12 մլն դրամ է վճարել: Թե ինչպե՞ս է նախարարությունն այս թիվը հաշվարկել , 3 օր շարունակ մեզ չէր հաջողվում պատասխան ստանալ: Ի վերջո մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշվել է․ - «Հաշվի առնելով, որ ծրագրի իրականացման համար տրամադրվել է շուրջ 105 մլն դրամ, ինչպես նաև այն հանգամանքը, որ ծրագրի վերջնական արդյունք համարվել են ծնված երեխաները, ուստի մեկ երեխայի համար հաշվարկվել է շուրջ 12 մլն դրամ»:
Ի դեպ, «Ազատությանն» ուղարկած գրավոր պատասխանում նշված է, որ 2016-2017 թ․թ․ այս ծրագրով ծնվել է 8 երեխա և մեկ կնոջ մոտ շարունակվում է հղիությունը:
Ծրագրում ներգրավված Երևանի 3 հիվանդանոցներից ստացած մեր տվյալների համաձայն, սակայն, նույն ժամանակահատվածում այս ծրագրի շրջանակներում ծնվել է 37 երեխա:
Ազգային ժողովում 2018-ի բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմելով նախարարին ասաց՝ այս ծրագիրը պետք է ոչ թե կասեցվեր, այլ՝ քառապատկվեր: Փաշինյանը նաև ընդգծեց, թե ինչ միջոցների հաշվին դա կարելի էր անել: - «Օրինակ այս տարի Բյուջեի մանկաբժշկական ծառայություններ հոդվածով մոտավորապես 700 միլիոն դրամի կրճատում է տեղի ունեցել», - փաստեց ընդդիմադիր պատգամավորը։ - «Եթե այս կրճատված գումարի կեսը ներդրվեր անպտուղ զույգերի ընտանիքներին օգնելու, որ նրանք երեխա ունենան՝ նախկինում օգտագործված գումարը հնգապատկեինք, բայց մյուս կողմից այս բյուջեում կունենայինք խնայողություն։ Ինչո՞ւ մենք այս ճանապարհով չենք գնում»:
Առողջապահության կազմակերպիչ Արսեն Թորոսյանը աղետալի է որակում փաստը, որ 2018-ին պետբյուջեի նախագծով՝ առողջապահության ոլորտին նախատեսվում է հատկացնել նախորդ տարվա գումարից 5.8 միլիարդ դրամ պակաս՝ շուրջ 8 մլրդ:
«Գլոբալ ամբողջ բյուջեն իջնում է 14 միլիարդով, որից 5,9 միլիարդը առողջապահության հաշվին։ Ոնց որ էս ոլորտը ամենաորբ ոլորտը լինի», - նշեց նա։
Մասնագետի գնահատմամբ՝ ոլորտում նաև դրական փոփոխություններ իրականացրած Առողջապահության նախարարության դիրքորոշումն անընդունելի է, պնդեց՝ գուցե իրենք են Կառավարությանն ասում՝ մեզ փող պետք չէ։
«Կա՛մ ոլորտը չի կարևորվում վերևեների կողմից, կա՛մ ոլորտը կարևորողները չեն ներկայացնում, որպես կարևոր», - մեկնաբանեց Թորոսյանը։