Այսօր տրվեց Yerevan-Book Fest-ի մեկնարկը

Ընթացիկ շաբաթվա վերջին երեք օրերին կանցկացվի Yerevan-Book Fest փառատոնը, որի նպատակն է աջակցել ժամանակակից հայ գրողին և հանրահռչակել ժամանակակից հայ գրականությունը:

Փառատոնը մեկնարկեց այսօր «Միրզոյան» գրադարանում, որտեղ փառատոնի կազմակերպիչները գրքահավաք էին կազմակերպել ի նպաստ Բաղանիս գյուղի դպրոցական գրադարանի:

«Ազատության» հետ զրույցում փառատոնի կազմակերպիչ «Միհր» ստեղծագործական միության նախագահ Շողակաթ Մլքե-Գալստյանն ասաց․ - «Մեր կազմակերպությունը միշտ փորձում է բարձրացնել տարբեր հարցեր․․․ Կարող ենք ասել, որ Երևանը բավականին կարդացող քաղաք է, և այս փառատոնը միտված է նրան, որ բոլոր էն մարդիկ, ովքեր անտարբեր չեն գրքի նկատմամբ՝ հրատարակիչը, գրողը, ընթերցողը, հավաքվենք մեկ տեղում, և լինի մեզ համար տոն»:

Գրքի, գիր ու գրականության հետ կապված տարբեր տոներին, ասենք՝ Թարգմանչաց տոնին կամ Գիրք նվիրելու օրվան կամ Գրքախառնությանը, ահա ավելանում է ևս մեկ տոն, որը նույնպես ուշագրավ գործնական նպատակ ունի նաև: Մինչև փառատոնի բացումը արդեն իսկ մրցույթ է հայտարարվել , որին 132 հայտ է ներկայացվել մեր գրողների կողմից, և ահա հենց փառատոնի օրերին կհայտարարվեն նաև մրցույթի արդյունքները և պարզ կդառնան հաղթողների անունները: Հաղթողների մինչև այժմ անտիպ գործերը կհրատարակվեն պետական ֆինանսավորմամբ։

Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը «Ազատության» հետ զրույցում այսօր շեշտեց․ - «Առաջին տեղի պարագայում՝ 500 հազար դրամի, երկրորդ տեղի պարագայում՝ 300 հազար դրամի չափով: Սա վաղուց հասունացած ծրագիր է, որի կարիքը Երևանը ունի․ միջավայր ստեղծել, որտեղ կհանդիպեն հրատարակիչները, գրողները և ընթերցողները՝ ամենաառանցքային դերակատարները գրահրատարակչական ոլորտի: Միջավայրը, որը ուղղված կլինի նրանցից յուրաքանչյուրի խնդիրներ լուծմանը: Առանցքային կետերից մեկը, որ կուզեի նշել, մրցույթն է, որ տեղի ունեցավ այս փառատոնի շրջանակներում»:

Հավելենք, որ այսօր գրքահավաք այս ակցիան մասնակցում էին Մշակույթի նախարար Արմեն Աամիրյանը, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, դերասան, կինոռեժիսոր, Միքայել Պողոսյանը և այլք:

Բաղանիս գյուղի գրադարանի համար գրքահավաք այս ակցիան կշարունակվի ողջ շաբաթ՝ մինչև փառատոնի ավարտը:

«Գրքից էլ լավ բան, գրքից էլ լավ զրուցակից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռուբեն Բաբայանը: - «Ամենահեշտ գործը՝ գիրք կարդալը, և ամենամեծ արդյունքը՝ մտավոր տեսակետից, քաղաքակրթության տեսակետից, գրքից է գալիս: Ես բերել էի իմ ընկերոջ՝ Վահան Հովհաննիսյանը գիրքը՝ «Մանդիլիոնը», և կարծում եմ, որ այդ գիրքը այնքանով է հետաքրքիր, որ ցույց է տալիս, որ իսկապես մտավորականը, պետական գործիչը նաև կարող է շատ լավ շարադրել պատմությունը, իր մտքերը, բացել հորիզոնները»:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց․ - «Ըստ էության մենք շարունակում ենք պետության աջակցությամբ ժամանակակից գրականության հրատարակման աշխատանքը, սակայն՝ փառատոնի տեսքով»: