Գերմանիայում կոալիցիոն բանակցությունները տապալվեցին

Քրիստիան Լինդներ

Ազատ դեմոկրատական կուսակցությունը դուրս եկավ բանակցային գործընթացից։

Գերմանիայում կոալիցիոն կառավարություն կազմելու շուրջ բանակցությունները տապալվեցին: Ազատ դեմոկրատական կուսակցությունն անսպասելիորեն դուրս եկավ բանակցային գործընթացից՝ այդ որոշումը պայմանավորելով վստահության պակասով։

Քաղաքական այս ուժի առաջնորդ Քրիստիան Լինդներն այդ մասին հայտարարել է երեկ կեսգիշերին՝ Կանաչների և Պահպանողականների հետ ավելի քան 12 ժամ տևած բանակցություններից հետո։ Լինդները պնդում է, թե նշված ուժերի հետ այդպես էլ չկարողացան առանցքային մի շարք հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի գալ: «Ավելի լավ է չկառավարել, քան վատ կառավարել», - հայտարարել է Լինդները, նշելով, որ բանակցություններում հետընթաց է արձանագրվել, քանի որ «հաստատված փոխզիջումային գծերը կասկածի տեղիք են տալիս»։

Բանակցությունների ձախողման հիմնական պատճառը միգրացիայի շուրջ տարաձայնություններն են եղել: ԱԴԿ-ն պահանջել է փախստականների առավելագույն թիվ սահմանել, որը Գերմանիան կարող է ընդունել մեկ տարվա ընթացքում, սակայն Կանաչները մերժել են այդ առաջարկը: Տարաձայնություններ է հարուցել նաև Պահպանողականների մեկ այլ առաջարկ՝ որոշ փախստականների մերձավոր ազգականների՝ Գերմանիա տեղափոխելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ: Կոալիցիա կազմելուն խոչընդոտել է նաև պետական ծախսերի շուրջ հակասությունները, հարկերի նվազեցման և կլիմայական փոփոխության քաղաքականությունը:

Բունդեսթագի սեպտեմբերի 24-ի ընտրություններից հետո Ազատ դեմոկրատական կուսակցությունը, կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միությունն ու Կանաչների կուսակցությունը փորձում էին կոալիցիա կազմել, որը կլիներ քաղաքական ուժերի միավորման միջոցով կառավարություն ձևավորելու միակ տարբերակը։ Բանակցությունների հաջողության դեպքում այս եռյակը կարող էր զբաղեցնել Բունդեսթագի 709 տեղերից 393-ը, այսինքն՝ 55 տոկոսը, սակայն ԱԴԿ-ի դուրս գալուց հետո բանակցությունների մյուս մասնակիցներին մնում է մանդատների ընդամենը 44 տոկոսը։

Նախկին իշխող կուսակցության դիրքերը սեպտեմբերյան ընտրութունների արդյունքում թուլացան ՝ ավելի քան մեկ միլիոն փախստականների առջև երկրի դռները բացելու քաղաքականության պատճառով: Փոխարենն աննախադեպ աջակցություն ստացավ ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որին առաջին անգամ հաջողվեց խորհրդարան անցնել:

Ավելի քան չորս շաբաթ տևած բանակցությունների տապալումը, ինչպես նկատում է գերմանական մամուլը, Մերկելի 12-ամյա կառավարման ընթացքում ներքաղաքական թերևս ամենասուր ճգնաժամն է, որը կարող է հանգեցնել կամ փոքրամասնությունների կոալիցիայի ձևավորմանը, ինչը, սակայն, չի ունենա իրական ուժ, կամ նոր ընտրությունների, ինչը չի երաշխավորում Մերկելի գլխավորած ուժի հաղթանակը: Ավելին՝ Գերմանիայում մտավախություն ունեն, որ նոր ընտրություններում աջակողմյան կուսակցությունը կարող է էլ ավելի շատ ձայներ ստանալ:

Ազատ դեմոկրատական կուսակցության դիրքորոշումը կոշտ քննադատության է արժանացել Կանաչների կողմից, որոնք այդ քայլը համարում են պոպուլիստական։ Քրիստոնեա-դեմոկրատական միությունում հայտարարել են, թե իրենց երբեմնի դաշնակից ուժի առաջնորդ Լինդները «լավ նախապատրաստված ինքնաբուխ քայլի» է դիմել, բայց այդուհանդերձ հարգում են գործընկերների որոշումը։

Մերկելն ափսոսանք է հայտնել բանակցությունների տապալման կապակցությամբ՝ հայտարարելով, որ այսօր այդ մասին քննարկումներ է անցկացնելու նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ՝ հետագա քայլերը հստակեցնելու հարցով: Մինչ այդ, ինչպես նշել է գերմանական կառավարության ղեկավարը, Կանաչների և Լիբերալների հետ «մինչև վերջին պահը» փորձել են պայմանավորվել կոալիցիա կազմելու շուրջ։ «Մենք կարծում էինք, որ այդ ուղու վրա ենք և կարող ենք համաձայնության հասնել», - ասել է Գերմանիայի կանցլերը:

Գերմանիայում նոր կոալիցիա կազմելու շուրջ խորհրդակցությունների տապալմանն այսօր անդրադարձել է նաև երկրի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը՝ քաղաքական ուժերին կոչ անելով շարունակել բանակցությունները: «Ընտրությունների ժամանակ պատասխանատվության ձգտողները չպետք է խուսանավեն, երբ պատասխանատվություն ենթադրող քվեներն իրենց ձեռքում են հայտնվում»,- հայտարարել է Գերմանիայի նախագահը՝ գործող կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո:

ԳԴՀ նախագահը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին պատրաստվում է հանդիպել ձախողված բանակցությունների մասնակիցների հետ, ինչպես նաև քաղաքական այն ուժերի, որոնց ծրագրերը «հատման եզրեր ունեն»: Գերմանական լրատվամիջոցները նկատում են, որ Շտայնմայերի այս խոսքերը հասցեագրված են Սոցիալ-դեմոկրատներին, որոնք ընտրություններում պարտվելուց հետո հրաժարվել են Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության հետ մեծ կոալիցիա կազմել: Նախագահ Շտայնմայերի հայտարարությունից ընդամենը մեկ ժամ առաջ Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցը կրկին բացառել էր իշխանության մաս կազմելու հնարավորությունը: