«Լուսավոր Հայաստան»-ը Վանաձորի ավագանին լուծարելու և նոր ընտրություններ նշանակելու հարցով դիմել է կառավարություն

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր նամակով դիմել է կառավարություն՝ Վանաձորի ավագանին լուծարելու և նոր ընտրություններ նշանակելու հարցով։ Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

Հիշեցնենք, նոյեմբերի 10-ին Սահմանադրական դատարանը մասամբ բավարարեց «Ելք» և «Ծառուկյան» դաշինքի 26 պատգամավորների հայցը, որը վերաբերում էր անցած տարի Վանաձորի ավագանու ընտրություններից հետո առաջացած խնդիրներին: Ընդդիմադիր ուժերը բարձր դատարանից պահանջում էին անվավեր ճանաչել «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների 15 ներկայացուցիչները՝ լինելով փոքրամասնություն և չունենալով քվորում, նիստեր են գումարում ու որոշումներ կայացնում։ 3 ընդդիմադիր խմբակցությունների՝ «Լուսավոր Հայաստանի», «Բարգավաճ Հայաստանի» և «Հայկական վերածնունդ»-ի 18 անդամները բոյկոտում են նիստերը՝ չներկայանալով դրանց: Օրենքի տվյալ դրույթը հակասահմանադրական ճանաչվեց, սակայն այն ուժի մեջ կմնա մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը:

Նշենք, որ շաբաթ օրը՝ նոյեմբերի 18-ին Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) և «Հայկական վերածնունդ» (ՀՎԿ) կուսակցությունների Վանաձորի տարածքային կառույցները համագործակցության հուշագիր կնքեցին՝ «քաղաքի կառավարման համամասնորեն և համատեղ պատասխանատվությունը ստանձնելու մասին»։ Ըստ հուշագրի՝ «Հայկական վերածնունդ»-ը կստանա քաղաքապետի տեղակալի պաշտոնը։

Գորգիսյանի խոսքով՝ ՀՀԿ-ն ու ՀՎԿ-ն փորձում են այս հուշագրով ստեղծել տպավորություն՝ իմիտացիա, որ այնտեղ կա մեծամասնություն և կարող են շարունակել նիստեր գումարել։

«Կառավարությունը պետք է կատարի իր լիազորությունները և կատարի Սահմանադրական դատարանի պահանջը, և լուծարի ավագանին ու նոր ընտրություններ նշանակի, կամ պետք է ինչ-որ սողանցքներ գտնեն։ Հիմա փորձում են Վանաձորում այս հուշագրով ստեղծելտպավորություն՝ իմիտացիա, որ այնտեղ կա մեծամասնություն և այսուհետ շարունակեն նիստեր գումարել՝ մեկնաբանելով մոտավորապես այսպես՝ «դե մինչև հիմա, հակասահմանադրական չէր, քանի որ չկար Սահմանադրական դատարանի որոշումը, մենք դրանից օգտվելենք, հիմա դարձել է հակասահմանադրական մենք էսօրվանից հաշված նիստեր կգումարենք և այլևս ավագանին լուծարելու կարիք չի լինի։ Բայց այս մեկնաբանության մեջ հաշվի չի առնված այն փաստը, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել մինչ այդ տեղի ունեցած բոլոր նիստերը և դրանցում կայացված որոշումները, հետևաբար սա չի կարող աշխատել։ Սա ուղղակի էն խեղդվողի փրփուրներից կառչելու փորձն է, մենք ուշիուշով կհետևենք՝ սպասելով կառավարության պատասխանին», - ասաց «Ելք» խմբակցության քարտուղարը՝ շարունակելով. - «Գնդակը գտնվում է կառավարության դաշտում։ Նա հենց այս պահին հնարավորություն ունի կյանքի կոչելու Սահմանադրական դատարանի վճիռը, մենք կսպասենք, երբ որ կլինի արդյունքը, մենքնոր կասենք մեր անելիքները»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.