Զիմբաբվեի իշխող կուսակցությունը Մուգաբեին ազատեց կուսակցության առաջնորդի պաշտոնից

Ռոբերտ Մուգաբե, արխիվ

Զիմբաբվեի իշխող կուսակցությունը՝ ZANU-PF-ն, այսօր գումարած արտակարգ ժողովում երկրի 93-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեին ազատել է կուսակցության առաջնորդի պաշտոնից և այն վստահել է Էմերսոն Մնանգագվային, որին Մուգաբեն վերջերս փորձել է պաշտոնանկ անել:

Կուսակցության շարքերից արտաքսվել է Մուգաբեի կինը՝ 52-ամյա Գրեյսը:

Երեկ տասնյակ հազարավոր մարդիկ փողոցներում ցույցեր են անցկացրել՝ ի պաշտպանություն երկիրը վերահսկողության տակ վերցրած բանակի և պահանջել են ազատել Մուգաբեին նախագահի պաշտոնից:

Ընդվզումները սկսվել են այն բանից հետո, երբ Մուգաբեն փորձել է չեզոքացնել երկրի հաջորդ նախագահի առավել հավանական թեկնածու Մնանգագվային և իշխանությունը գրավելու ճանապարհ հարթել իր կնոջ՝ Գրեյսի համար:

Մուգաբեն 1980 թվականից է ղեկավարել Զիմբաբվեն: