Հայրիկյանը վաղվանից հացադուլ է սկսում

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Սահմանադրական դատարանի շենքի դիմաց, արխիվ

«Ազգային ինքնորոշում միավորման» (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանը վաղվանից անժամկետ հացադուլ է սկսում իր առանձնատանը, որը երկուշաբթի կշարունակի արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) շենքի դիմաց․ պատճառը, ըստ նրա, այդ կառույցի «հակասահմանադրական» վարքագիծն է։

Նախագահի նախկին թեկնածուն, հիմք ընդունելով նոր Սահմանադրության 202-րդ հոդվածը, սահմանադրական փոփոխություններ անցկացնելու համար շաբաթներ առաջ դիմել է ԿԸՀ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, մինչդեռ, հրաժարվել է տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը՝ հղում անելով Հանրաքվեի մասին գործող օրենքին։ ԱԻՄ առաջնորդի խոսքով, սակայն, անգամ դպրոցական երեխաներին է հայտնի, որ Սահմանադրությունը գերակա է ցանկացած այլ օրենքի նկատմամբ։

«Ստացանք տարօրինակ պատասխան, որը ցույց է տալիս, որ իրենք կամ չեն ճանաչում [2015 թվականի] Սահմանադրության հանրաքվեն և հետևաբար՝ նոր Սահմանադրությունը չեն ընդունում, կամ էլ այս նոր կոչված Սահմանադրության օրինականությունը կասկածի տակ են դնում: Որովհետև խոսում են Հանրաքվեի մասին օրենքից, բայց դրան զուգահեռ՝ իրենք մոռանում են, որ կա բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող Սահմանադրություն, որի դրույթները պարտադիր են, իսկ Սահմանադրությունը ուժի մեջ է հրապարակման պահից», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայրիկյանը:

Նոր Սահմանադրության 202-րդ հոդվածի համաձայն, քաղաքացիական նախաձեռնությունները ընտրելու իրավունք ունեցող 200 հազար քաղաքացիների ստորագրության դեպքում իրավունք կունենան Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնություն սկսել։ Համապատասխան նախագիծը հանրաքվեի է դրվում Ազգային ժողովի քվեարկությամբ, իսկ ստորագրությունների վավերականությունը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նոր Սահմանադրության այս հոդվածը, սակայն, որը ներառված է 15-րդ գլխում, ըստ անցումային դրույթների, դեռ ուժի մեջ չի մտել։

Պարույր Հայրիկյանը, այնինչ, պնդում է, որ ինքն ունի հանրաքվե նախաձեռնելու իրավունք, և պետական կառույցի պարտականությունն է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել: «Գիտե՞ք ինչ, գուցե ոչ այս պահին, բայց ես ունեմ այդ իրավունքը, և իրենք էդ իրավունքի իրացման համար պիտի հետևողական լինեն ավելի, քան ես: Սահմանադրությունը տվել է ինձ այդ իրավունքը, մնացյալը ինչպես՝ էդ իրենք պետք է մտածեն», - ասաց նա՝ շարունակելով․ - «Հոդվածը կա՝ իրենք պիտի անդրադառնային այդ հոդվածին, եթե ինչ-որ իրավաբանական նրբերանգներ կան, նրբություններ կան, պետական պաշտոնյայի պարտականությունն է՝ պատասխանել ըստ էության»:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը այսօր «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ ստորագրահավաք սկսելու համար անհրաժեշտ փաստաթղթեր չեն տրամադրել, քանի որ Հանրաքվեի մասին գործող օրենքը նման ընթացակարգ չի սահմանում: Նա խոստացավ երկուշաբթի օրը անհրաժեշտության դեպքում առավել մանրամասն պարզաբանումներ ներկայացնել։

Պարույր Հայրիկյանը, սակայն, հայտարարում է՝ հայտարարած օրը կսկսի հացադուլը․ - «Ես կիրակի օրը ժամը 6-ին վերջին բաժակ հյութը կխմեմ, և դրանից հետո՝ միայն ջուր»:

Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելը, ըստ նրա, անձնական խնդիր չէ, ԱԻՄ-ը այլընտրանքային Սահմանադրություն է առաջարկում: «Նոր բան մենք չենք ստեղծելու, դա մեկ խոսքով կոչվում է բացարձակ ժողովրդավարություն․ մենք ուզում ենք, որ որևէ քաղաքացու ձայն անկատար ընտրական համակարգի պատճառով չկորի, այսինքն՝ ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքացիների ձայները հասնում են խորհրդարան, նույնիսկ եթե իրենց թեկնածուն չի անցնում, ձայնը, միևնույն է, կարող է անցնել, և, բացի այդ, խորհրդարանում քվեարկում են ըստ ընտրողների ստացած ձայների», - ասաց ԱԻՄ առաջնորդը:

Վերջին անգամ Պարույր Հայրիկյանը, հիշեցնենք, մեկշաբաթյա հացադուլ անցկացրեց 2014 թվականին՝ պահանջելով նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և իշխանության փոխանցումը եվրոպամետ ուժերին:

«Եթե երկուշաբթի օրը Ձեզ մոտենան և բացատրեն այդ ընթացակարգը, Դուք կդադարեցնե՞ք Ձեր բողոքը», - այս հարցին ԱԻՄ նախագահը արձագանքեց․ - «Ոչ թե պիտի բացատրեին, այլ պիտի գրեին: Երկուշաբթի օրը ես գրավոր կասեմ, որ տարբեր ատյանների կրկին կդիմեմ՝ պարզապես ուշադրություն հրավիրելու համար, ոչ թե նրանց նկատմամբ հավատ տածելով»: